News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արսեն Սհոյանը պատմում է հայ-բուլղարական առնչությունների, Բուլղարիայի հայ համայնքի, իր ընտանիքի եւ աշխատանքի մասին։

Պարո՛ն դեսպան, խոսենք հայ-բուլղարական հարաբերությունների մասին: Ե՞րբ են հաստատվել դիվանագիտական կապերը: Անդրադառնանք նաեւ դեսպանության կատարած աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին:

Հայաստանը Բուլղարիայի կողմից միշտ ընկալվել է որպես ավանդական բարեկամ երկիր, որի հետ Բուլղարիան ունի սերտ պատմամշակութային կապեր: Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 18-ին: Երկկողմ հարաբերությունները զարգացում են ապրել դինամիկ, համահունչ մեր երկու երկրների վարած արտաքին քաղաքականությանը` ունենալով բավականին ընդգրկուն ստորագրված իրավավապայմանագրային փաստաթղթեր` տնտեսական, մշակութային, կրթական եւ այլ որորտների վերաբերյալ:

Անդրադառնալով Բուլղարիայում ՀՀ դեսպանության կատարած աշխատանքներին եւ առաջիկա ծրագրերին` կցանկանայի նշել մի քանի  միջոցառումներ, որոնցից կարեւորում եմ Բուլղարիայում հայկական մշակույթի օրերի անցկացումը եւ Սուրբ Կիրիլի եւ Մեթոդիի անվան ազգային գրադարանում Երեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված գրքի համաշխարհային մայրաքաղաքի եւ հայ գրատպության 500-ամյակի միջոցառումը` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Բուլղարիայի փոխնախագահ Մարգարիտա Պոպովայի մասնակցությամբ: Հիշատակման է արժանի նաեւ Վելիկո Տըրնովո քաղաքի եւ Էջմիածին քաղաքի միջեւ համագործակցության  հայտարարության ստորագրումը` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ Վելիկո Տըրնովոյի քաղաքապետ Դանիել Պանովի միջեւ: Բացի այդ, հայտնի բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի համաշխարհային ծրագրի մեկնարկը սկիզբ առավ Բուլղարիայից: Լույս տեսավ «Եվրոպա» պարբերականը «Հայաստանը` քաղաքակրթության օրրան» խորագրով, որն ամբողջությամբ նվիրված է Հայաստանին, իսկ հատուկ ներդիրն անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ինստիտուտի տնօրեն Տանյա Միխայլովայի եւ ՀՀ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի կողմից Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունում ստորագրված համագործակցության մասին փոխըմբռման հուշագրի ստորագրումը: Այս տարի` փետրվարին, կրթության բնագավառում հայագիտության տարածումն ու զարգացումը խրախուսելու ուղղությամբ տեղի ունեցավ դեսպանության եւ Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկիի անվան համալսարանի Արեւելյան լեզուների եւ մշակույթի կենտրոնի միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում` հայ-բուլղարական գործարար կապերի ակտիվացման ուղղությամբ:

Հայ-բուլղարական գործարար կապերի ակտիվացման համար ՀՀ դեսպանության աշխատանքների շնորհիվ ընդլայնվել է Բուլղարիա ներմուծվող ապրանքների տեսականին: Չնայած Հայաստանի շրջափակմանը եւ ենթակառուցվացքների սակավությանը` համատեղ ձեռնարկությունների քանակը 2011 թվականի 30-ից այսօր հասել է 100-ի, ինչը վկայում է, որ գործարարները գտնում են ուղիներ իրենց ծրագրերն իարկանացնելու համար, եւ ՀՀ դեսպանությունը մշտապես պատրաստակամ է նրանց աջակցելու: Երրորդ տարին շարունակ Սոֆիայի «Inter Expo Centre» ցուցասրահում ՀՀ դեսպանությունը մասնակցում է «Աշխարհը գալիս է քեզ մոտ» խորհագրով բարեգործական տոնավաճառին` ներկայացնելով հայկական ապրանքատեսակներով տաղավար, որի ամբողջ հասույթը տրամադրվում է  մանկական հիմնադրամին:

Ավանդաբար Բուլղարիայի հայ համայնքը հանդիսացել է սփյուռքի առավել ծաղկուն գաղթօջախներից մեկը: Ներկայումս ինչպիսի՞ն է համայնքային կյանքը Սոֆիայում, Պլովդիվում, Վառնայում եւ այլ բուլղարական քաղաքներում:

Բուլղարիայի պատմական տարածքներում հայերը բնակություն են հաստատել դեռեւս 5-րդ դարից: Բուլղարիայի ներկայիս հայ համայնքը ձեւավորվել է հիմնականում 1915-1923թթ. իրականացված Ցեղասպանության ժառանգներից, որոնք այս 100 տարիների ընթացքում ստեղծել են ավանդական հայկական կազմակերպությունները`  «Հայ Դատ», «ՀԲԸՄ», «ՀՄԸՄ», «ՀՕՄ», «Երեւան»` ակտիվ մասնակցելով տարբեր համահայկական ծրագրերի եւ միջոցառումների:

Գործում են «Երեւան», «Բարեգործականի ձայն», «Վահան» հայկական թերթերը: Հայաշատ քաղաք Պլովդիվում 2007թ. հոկտեմբերի 1-ից գործում է պատվավոր հյուպատոսությունը, որի հյուպատոսական շրջանը ներառում է Պազարջիկ, Ստառա Զագոռա, Սմոլյանա, Խասկովո, Կրջալի մարզերը: Բուլղարահայ համայնքի հոգեւոր-եկեղեցական կառույցը Սոֆիայում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու թեմական խորհուրդն է, որն ընդգրկում է Բուլղարիայի հայկական 11 եկեղեցի:

2013թ. ընդունվեց Բուլղարիայի Հայ առաքելական եկեղեցու նոր օրինակելի կանոնադրությունը, որը հաստատվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից` փոխարինելով 1953թ. ընդունվածին:

2014թ. նշանավորվեց մի քանի հոբելյաններով: Նշվեց Պլովդիվի «Գրիգոր Թութունջյաններ» վարժարանի 180-ամյակը, Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու 170-ամյակը, Շումենի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու 180-ամյակը, Պեյո Յավորովի  մահվան 100-ամյակը, ինչպես նաեւ Բուլղարիայի Սամուիլ թագավորի մահվան 1000-ամյակը, որն, ի դեպ, հայոց թագավոր Աշոտ Երկաթ Բագրատունու թոռն է:

Հայերը Բուլղարիայում, լինելով թվաքանակով չորրորդ ազգային փոքրամասնությունը, ակտիվ ներգրավված են Բուլղարիայի հասարակական եւ տնտեսական կյանքում` բացառությամբ քաղաքական եւ տեղական ինքնակառավարման մարմինների:

Ինչպես գիտենք, այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ինչպիսի՞ միջոցառումներ են նախատեսվում Բուլղարիայում այդ կապակցությամբ:

100-րդ տարելիցի միջոցառումների ընդգրկուն շարք է նախատեսվում նաեւ Բուլղարիայում: Թեեւ Բուլղարիայի խորհրդարանը չի ճանանչել Հայոց ցեղասպանությունը, սակայն 16 քաղաքների տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց որոշումներով ընդունել են համապատասխան բանաձեւեր: 2012թ.-ից Բուլղարիայում գործում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնախումբ:  2015թ. ծրագրում ընդգրկված են 50-ից ավելի միջոցառումներ, որոնց թվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հավերժացնող հուշատախտակների տեղադրում, գիտաժողովներ, հիշատակի համերգներ, գրքերի շնորհանդեսներ, ոգեկոչման երթեր եւ այլն:

Պարո՛ն դեսպան, խոսենք նաեւ անձնական կյանքից: Պատմե՛ք Ձեր ընտանիքի մասին: Ինչպե՞ս են ընտանիքի անդամները վերաբերվում Ձեր աշխատանքային խիստ գրաֆիկին:

Կարող եմ հպարտությամբ նշել, որ ընտանիքս իմ ամուր թիկունքն է: Կինս բժշկուհի է, որդիս` ուսանող, դուստրս` ավագ դպրոցի աշակերտուհի:

Եվ վերջում, ավանդական հարցը, որն ուղղում ենք մեր բոլոր դեսպաններին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Դիվանագետի մասնագիտությունն ընտրողներին կցանկանայի ասել. որ  հրաշալի մասնագիտություն է, որը, սակայն, պահանջում է բարձր պատասխանատվություն:

Արսեն Սհոյանի կենսագրությունը.

Կրթություն

1989-1994թթ. Մոսկվայի սննդի արդյունաբերության պետական ինստիտուտ

1994-1996թթ. Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից ժողտնտեսագիտական ակադեմիա

1998-2002թթ. Երեւանի Պետական Համալսարան

2000թթ. Հարվարդի համալսարանի կոնֆլիկտների կառավարման կենտրոն

Աշխատանքային գործունեություն

1988-1994թթ. Կոպերատիվ Լոռենե (Տնտեսագետ)

1994-1996թթ. ՌԴ կառավարությանը կից ժողտնտեսագիտական ակադեմիա (Հայցորդ)

1996-1998թթ. ՀՀ կառավարության աշխատակազմ

1996-1997թթ. Ղեկավար-նախարարի օգնական

1997-1998թթ. Օպերատիվ հարցերով նախարարի օգնական

1998թ. ՀՀ Նախագահի աշխատակազմ

1998-1999թթ. ՀՀ Նախագահի ռեֆերենտ

1999-2003թթ. Տնտեսագիտական վարչության պետի տեղակալ

2003-2007թթ. Տնտեսագիտական վարչության պետ

2007- 2011թթ. Փորձագիտական-վերլուծական վարչության պետ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011թ. հունվարի 25-ի հրամանագրով նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան։

ՀՀ Նախագահի 03.03.2014թ. հրամանագրով շնորհվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ընտանեկան դրություն՝ ամուսնացած, ունի որդի եւ դուստր

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. ԱՐմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ