News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Վլադիմիր Բադալյանը պատմում է դեսպանատան գործունեության, հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների, հայ համայնքի մասին։

Պարո՛ն դեսպան, ներկայացրեք դեսպանության գործունեությունը: Որո՞նք են աշխատանքի հիմնական ուղղությունները:

Թուրքմենստանում ՀՀ դեսպանության աշխատանքի հիմնական ուղղություններն են երկու պետությունների քաղաքական հարաբերությունների հետագա զարգացման եւ տնտեսական հարաբերությունների համար նպաստավոր պայմանների, գործարար շրջանակների համար փոխշահավետ եւ նպաստավոր միջավայրի ստեղծումը, երկու ժողովուրդների բազմադարյա կապերի հետագա խորացումը, մշակութային եւ հումանիտար փոխգործակցության ամրապնդումը:

Հայ-թուրքմենական շփումները դարերի պատմություն ունեն, իսկ 1992թ. հոկտեմբերի 9-ին Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից մինչ այժմ հայ-թուրքմենական փոխգործակցությունը զգալի հաջողություններ է գրանցել: 1994թ.-ից Թուրքմենստանում գործում է ՀՀ դեսպանությունը, իսկ 2000թ. բացվել է Թուրքմենստանի դեսպանությունը Հայաստանում:

Հայ-թուրքմենական համգործակցությունը դինամիկ կերպով զարգանում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափում՝ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Համաշխարհային քաղաքականության հիմնական հարցերի շուրջ մեր դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են, կողմերի միջեւ ցանկացած հանդիպում կամ բանակցություն անցնում է բարեկամության եւ փոխվստահության մթնոլորտում: Անհրաժեշտ է նշել, որ Թուրքմենստանը, հետեւելով իր պոզիտիվ չեզոքության քաղաքականությանը, ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ցուցաբերում է հավասարակշռված եւ չեզոք դիրքորոշում:

Անցած տարվա ապրիլին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան նոր խթան հանդիսացավ երկկողմ հարաբերությունների համար: Երկու պետությունների ղեկավարների անձնական հարաբերությունները մեծապես նպաստում են առեւտրատնտեսական, գիտա-տեխնիկական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանը եւ բարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: Առկա է բավականին ամուր իրավապայմանագրային դաշտ՝ շուրջ 70 համաձայնագրեր, ինչն անհրաժեշտ հիմք է ստեղծում արդյունավետ համագործակցության համար:

Ակտիվ են հայ-թուրքմենական մշակութային կապերը: 2014թ. ապրիլին անցկացվեցին Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերը, որոնք մեկնարկեցին Թուրքմենբաշի քաղաքում հանդիսավոր համերգով, որին ներկա էին նախագահներ Սարգսյանն ու Բերդիմուհամեդովը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մշակույթի օրերի ընթացքում անցկացված միջոցառումների ցանկում էին հայ ժամանակակից նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, հայկական դասական եւ ժամանակակից ֆիլմերի ցուցադրությունները, հայ եւ թուրքմեն երաժիշտների եւ երգիչների մասնակցությամբ համերգները: Արդեն այս տարվա մարտին անցկացվեցին Թուրքմենստանի մշակույթի օրերը Հայաստանում: Մեր երկիր ժամանեց Թուրքմենստանի մշակույթի եւ արվեստի գործիչների ներկայացուցչական պատվիրակություն, համերգներ անցկացվեցին Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, տեղի ունեցավ թուրքմենական դեկորատիվ-կիրառական արվեստի եւ թանգարանային առարկաների ցուցահանդես, Թուրքմենստանին նվիրված հայ մանուկների նկարների ցուցահանդես-մրցույթ:

Զարգանում են նաեւ հայ-թուրքմենական գիտակրթական կապերը: Բավականին սերտ համագործակցություն է հաստատվել Երեւանի պետական համալսարանի եւ Թուրքմենստանի պետական` Մահտումկուլի Ֆրագիի անվան համալսարանի ու Թուրքմենստանի ԳԱ հին ձեռագրերի ինստիտուտի միջեւ: Թուրքմենստանի բազմաթիվ քաղաքացիներ կրթություն են ստանում կամ ստացել են ՀՀ բուհերում:

Անդրադառնանք տնտեսական կապերին: Ինչպե՞ս են զարգանում հայ-թուրքմենական գործարար շրջանակների միջեւ շփումները:

Քաղաքական մակարդակում ամուր կապերը անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծում հայ-թուրքմենական տնտեսական փոխգործակցության համար: Երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական հեռանկարային ուղղություններ են դիտարկվում էներգետիկան, շինարարությունը, սննդի արդյունաբերությունը, թեթեւ եւ տեքստիլ արդյունաբերությունը, զբոսաշրջությունը:

Առավել կարեւոր է հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որն անցած տարվա դեկտեմբերին անցկացրեց իր արդեն վեցերորդ նիստը: Հանձնաժողովի բոլոր նիստերի ընթացքում երկուստեք կարեւորվում է Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական փոխշահավետ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, քննության են առնվում հանձնաժողովի կողմից համակարգվող երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ առեւտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, սպորտի եւ զբոսաշրջության, ինչպես նաեւ մշակութային-հումանիտար բնագավառներում համագործակցությանը վերաբերող հարցերը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ ստորագրված է առեւտրատնտեսական համագործակցությանն առնչվող ավելի քան 30 համաձայնագիր:

Գործարար շրջանակների միջեւ շփումների ակտիվացման համար կարեւոր ազդակ դարձավ 2014թ. ապրիլի 8-9-ը ՀՀ Նախագահի այցի շրջանակներում կազմակերպված հայ-թուրքմենական գործարար համաժողովը եւ հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսը: Դրա արդյունքում մի շարք հայկական ընկերությունների եւ թուրքմենական կողմի միջեւ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, որոնց կյանքի կոչման ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում:

Մեծացել է հայկական արտադրանքի արտահանումը Թուրքմենստան, մասնավորապես խոսքը գնում է սննդի արդյունաբերության ապրանքների մասին: Այսօր ցանկացած թուրքմենական խանութում կարելի է հանդիպել հայկական ապրանքներ, որոնք արդեն իրենց հաստատուն դիրքերն ունեն թուրքմենական շուկայում: Պետք է նշել, որ այժմ Թուրքմենստանում առավել մեծ պահանջարկ եւ հեղինակություն են վայելում հայկական ոսկերչական ոլորտի արտադրած իրերն ու զարդերը:

Հաշվի առնելով վերոնշյալը` միաժամանակ պետք է նշենք, որ հայ-թուրքմենական տնտեսական համագործակցությունն ընդլայնվելու եւ զարգանալու զգալի ներուժ ունի: Երկկողմ տնտեսական կապերին խանգարող հանգամանքներից գլխավորը թերեւս հաղորդակցության ուղիների ստեղծած սահմանափակումն է, եւ այդ առումով ոչ միայն տնտեսական, այլեւ մշակութային եւ հումանիտար ոլորտներում մեծ ազդակ կլինի ժամանակին գործող ուղիղ ավիաչվերթի վերաբացումը: Այս առումով անցած տարի ՀՀ Նախագահի այցի ընթացքում ստորագրվեց ավիացիայի հարցերով հուշագիր՝ նպատակաուղղված երկու երկրների մայրաքաղաքների միջեւ ուղիղ ավիաչվերթի վերաբացմանը, եւ այժմ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

Խոսենք Թուրքմենստանի հայ համայնքի մասին: Որքա՞ն հայեր են ներկայումս բնակվում Թուրքմենստանում, եւ որո՞նք են հայ համայնքին հուզող հիմնական հարցերը:

Միջին Ասիայի տարածքում հայերի հաստատվելու վերաբերյալ առաջին տեղեկությունները թվագրվում են մ.թ.ա. VI դարից: Հայտնի է, որ երբ Սասանյան Պարսկաստանը գրավել է Հայաստանը, բազմաթիվ հայեր գաղթել են Պարսկաստան, եւ նրանց մի մասը հետագայում հաստատվել է Թուրքմենստանում: Հայերը Միջին Ասիա են տեղափոխվել նաեւ XVI դարում, սակայն նրանց զանգվածային տեղաշարժը դեպի տարածաշրջան, այդ թվում նաեւ Թուրքմենստան, սկսվել է XIX դարի վերջին: Հայերի վերջին զանգվածային ալիքը Թուրքմենստանում է հայտնվել 1990թ. հունվարին, երբ Բաքվի կոտորածներից մազապուրծ եղած հայերը լաստանավերով տեղափոխվեցին Թուրքմենբաշի: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Թուրքմենստանի իշխանությունները եւ ժողովուրդը նրանց լայն աջակցություն եւ օգնություն ցուցաբերեցին, ապահովեցին անհրաժեշտ ամեն ինչով: Հայ ժողովուրդը մեծ երախտագիտությամբ է հիշում բարեկամ թուրքմեն ժողովրդի այդ քայլը:

Պաշտոնական տվյալներով հայերի թիվը Թուրքմենստանում կազմում է շուրջ 30000 հոգի: Հայերը հիմնականում բնակվում են Աշխաբադ, Թուրքմենբաշի, Մառի եւ Թուրքմենաբադ քաղաքներում:

Խոսենք Թուրքմենստանի հայ համայնքի մասին: Որքա՞ն հայեր են ներկայումս բնակվում Թուրքմենստանում, եւ որո՞նք են հայ համայնքին հուզող հիմնական հարցերը:

Միջին Ասիայի տարածքում հայերի հաստատվելու վերաբերյալ առաջին տեղեկությունները թվագրվում են մ.թ.ա. VI դարից: Հայտնի է, որ երբ Սասանյան Պարսկաստանը գրավել է Հայաստանը, բազմաթիվ հայեր գաղթել են Պարսկաստան, եւ նրանց մի մասը հետագայում հաստատվել է Թուրքմենստանում: Հայերը Միջին Ասիա են տեղափոխվել նաեւ XVI դարում, սակայն նրանց զանգվածային տեղաշարժը դեպի տարածաշրջան, այդ թվում նաեւ Թուրքմենստան, սկսվել է XIX դարի վերջին: Հայերի վերջին զանգվածային ալիքը Թուրքմենստանում է հայտնվել 1990թ. հունվարին, երբ Բաքվի կոտորածներից մազապուրծ եղած հայերը լաստանավերով տեղափոխվեցին Թուրքմենբաշի: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Թուրքմենստանի իշխանությունները եւ ժողովուրդը նրանց լայն աջակցություն եւ օգնություն ցուցաբերեցին, ապահովեցին անհրաժեշտ ամեն ինչով: Հայ ժողովուրդը մեծ երախտագիտությամբ է հիշում բարեկամ թուրքմեն ժողովրդի այդ քայլը:

Պաշտոնական տվյալներով հայերի թիվը Թուրքմենստանում կազմում է շուրջ 30000 հոգի: Հայերը հիմնականում բնակվում են Աշխաբադ, Թուրքմենբաշի, Մառի եւ Թուրքմենաբադ քաղաքներում:

Այսօր, ինչպես աշխարհասփյուռ, այնպես էլ Թուրքմենստանի հայությանը հուզող հիմնական խնդիրը ազգային ինքնության պահպանման հարցն է: Այդ առումով առավել կարեւորվում են համայնքի հոգեւոր կյանքի կազմակերպման եւ հայոց լեզվի ուսուցման հարցերը:

Նշեմ, որ Թուրքմենստանում առաջին հայկական եկեղեցին հիմնադրվել է դեռեւս 1884թ.` Աշխաբադում: Հետագա տարիներին եկեղեցիներ են կառուցվել Մառիում, Ղըզլ Արվաթում, Թուրքմենբաշիում, Թեջենում: 1910թ. դրությամբ Թուրքմենստանում գործել է հայկական հինգ եկեղեցի` կից ծխական դպրոցներով: 1930-ականների սկզբին խորհրդային իշխանությունների կողմից բոլոր հայկական եկեղեցիները փակվել են եւ հետագայում քանդվել, բացառությամբ Թուրքմենբաշիի (նախկին Կրասնովոդսկի) եկեղեցու, որը վերածվել է պահեստի: Ներկայումս, հայկական եկեղեցու եւ հոգեւորականության բացակայության պատճառով հայերը հիմնականում այցելում են ռուս ուղղափառ եկեղեցիներ: Այժմ Հայաստանի եւ Թուրքմենստանի համատեղ համաձայնությամբ աշխատանքներ են տարվում 1903թ. կառուցված Թուրքմենբաշիի հայկական եկեղեցու վերականգնման ուղղությամբ:

1997թ.-ից գործում է ՀՀ դեսպանությանը կից հայկական կիրակնօրյա դպրոցը, որտեղ ոչ միայն հայերը, այլեւ այլազգիները կարող են սովորել հայոց լեզու, գրականություն եւ հայոց պատմություն: Դպրոցի դասընթացներն ավարտած տասնյակ երիտասարդներ ուսումը շարունակել են ՀՀ բուհերում:

2009թ.-ից Մառի քաղաքում բացվել է հայկական կիրակնօրյա դպրոց: Այդ ժամանակից ի վեր, դպրոց հաճախող աշակերտների թիվը հասել է 230-ի: Դպրոցում դասավանդվում է հայոց լեզու, հայոց պատմություն, մշակույթ, ուսումնասիրվում են հայկական ազգային ավանդույթներն ու սովորույթները: Թուրքմենբաշի, Իոլոտան քաղաքներում նույնպես բացվել են հայկական կիրակնօրյա դպրոցներ:

Համայնքի կրթական կարիքների լուծման համար այսօր առավել սուր է դրված դպրոցները որակյալ մասնագետներով ապահովելու հարցը:

Դուք նաեւ համատեղության կարգով ՀՀ դեսպանն եք Տաջիկստանում: Ի՞նչ մակարդակի վրա են այսօր գտնվում հայ-տաջիկական հարաբերությունները:

Տաջիկստանը, ինչպես եւ Հայաստանը, ակտիվորեն մասնակցում է հետխորհդային տարածքում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին. երկիրը հանդիսանում է ԱՊՀ, ՀԱՊԿ անդամ, ինչը, կարծում եմ, լրացուցիչ խթան է հանդիսանում հայ-տաջիկական հարաբերությունների զարգացման համար: Մեր երկրների բարձրաստիճան ղեկավարությունը հանդիպումներ է ունենում վերոնշյալ, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Նշեմ, որ այս տարվա ապրիլի սկզբին Դուշանբեում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում արտգործնախարար Նալբանդյանը հանդիպեց նաեւ Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ: Հանդիպման ընթացքում երկու երկրների նախարարները քննարկեցին տարբեր ոլորտներում եւ ձեւաչափերում հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, բարձր մակարդակում փոխայցելությունների կազմակերպումը:

2004թ.-ից գործել է հայ-տաջիկական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որն անցկացրել է երկու նիստ: Այժմ աշխատանքներ են տարվում` հանձնաժողովի աշխատանքները վերամեկնարկելու ուղղությամբ, որը կարեւոր կլինի կապերի զարգացման համար: Երկու երկրների միջեւ գործող իրավապայմանագրային դաշտը բաղկացած է շուրջ երկու տասնյակ պայմանագրերից ու համաձայնագրերից:

Անդրադառնալով հայ համայնքին` նշեմ, որ մինչ ԽՍՀՄ փլուզումը, Տաջիկստանի հայությունը կազմում էր շուրջ 10000 հոգի: Քաղաքացիական պատերազմի հետեւանքով Տաջիկստանի հայ համայնքը զգալիորեն նոսրացել է: Այն, մոտավոր տվյալներով, այժմ կազմում է 1000-1500 մարդ: Հայերը հիմնականում բնակվում են երկրի մայրաքաղաք Դուշանբեում, Խուջանդ, Չկալովսկ, Կուրգան-թյուբե քաղաքներում։ Վերջին տարիների համայնքային կյանքում նշանակալի իրադարձություն էր 2013թ. հունիսի 8-ին Դուշանբեում հայկական խաչքարի հանդիսավոր բացման արարողությունը՝ Տաջիկստանում ՀՀ դեսպանի, ՀՀ պատվավոր հյուպատոսի, Հայ առաքելական եկեղեցու սպասավորի, հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Տարին առանձնահատուկ է նրանով, որ նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցիը: Ի՞նչ միջոցառումներ են կայացել եւ կայանալու Թուրքմենստանում:

Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը մի շարք միջոցառումներ է իրականացնել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ապրիլի 23-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հիշատակի միջոցառում` տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Իրականացվեց հոգեհանգստի արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, որին հետեւեց մոմավառության արարողությունը: Միջոցառման ներկաները ուղիղ հեռարձարկման միջոցով ականատեսը դարձան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցող` Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը, իսկ Երեւանի ժամով 19:15-ին միացան համազգային լռության րոպեին: Միաժամանակ, Թուրքմենստանի Մառի եւ Բայրամ-Ալի քաղաքների ուղղափառ եկեղեցիներում հնչեց զանգերի 100 ղողանջ:

Ապրիլի 24-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպանություն շարունակեցին այցելել բազմաթիվ մարդիկ՝ հատկացված հատուկ անկյունում մոմ վառելու եւ ծաղիկներ զետեղելու: Նույն օրը Բալականաբադ քաղաքի ուղղափառ եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Հայկական կիրակնօրյա դպրոցներում անցկացվել են բաց դասեր եւ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Դեսպանության կողմից տարվա սկզբից կազմակերպվել է Հայոց ցեղասպանության թեմատիկային նվիրված ֆիլմերի կինոդիտումներ: Տարվա ընթացքում կինոդիտումները կշարունակվեն:

Դեսպանի աշխատանքից գրեթե միշտ զերծ չեն մնում նաեւ նրա ընտանիքի անդամները: Այդ հարցը Ձեր դեպքում ինչպե՞ս է լուծվում: Պատմեք Ձեր ընտանիքի մասին:

Իմ ընտանիքը ըմբռնումով է մոտենում աշխատանքի բերումով երբեմն ծագող դժվարություններին, հայրենիքից հեռու լինելուն եւ բոլոր հարցերում միշտ աջակցում ինձ: Ես հպարտանում եմ իմ դուստրերով, ովքեր վաղուց արդեն հասուն մարդիկ են եւ ինձ թոռնիկներ են պարգեւել: Երկու դուստրերս էլ միջազգային իրավունքի մասնագետներ են, ավագը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դասավանդում է համալսարանում, կրտսերը՝ աշխատում է ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկում՝ զբաղվելով միջազգային պայմանագրերի նախագծմամբ:

Եվ ավանդական հարցն` ուղղված մեր բոլոր զրուցակիցներին: Ի՞նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընտրել պատրաստվողներին:

Դիվանագետ լինելը մեծ պատիվ է, միաժամանակ մեծ պատասխանատվություն։ Դիվանագիտությունն ընտրածները պետք է իմանան, որ այն գործունեության մի տեսակ է, որը պահանջում է այլ պետությունների, այլ մշակույթների եւ հասարակությունների, նրանց կենսագործունեության սկզբունքների իմացություն եւ ընկալում։ Նշեմ նաեւ, որ հաջող դիվանագետի անձնական հատկանիշներից են պրակտիկ մտածողությունը, իրավիճակի ճիշտ գնահատումը, հետաքրքրասիրությունը եւ սովորելու ձգտումը, ներկայացուցչականությունը եւ այլն։ Շատ կարեւոր է դիմացինի հոգեբանության, նրա նպատակների հասկացողությունը, ապրումակցումը, քանի որ դրա շնորհիվ հնարավոր է ստեղծել շատ լավ անձնական հարաբերություններ, ինչի միջոցով էլ դրական լուծումներ գտնել դիվանագետին տրված առաջադրանքներին:

Վլադիմիր Բադալյան, Թուրքմենստանում ՀՀ դեսպան

Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 4-ին Երեւանում:

1980թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-հարստացնող:

1980-1981թթ. աշխատել է Ղազախստանի Ջեսկազգանի լեռնամետալուրգիական գործարանի ԳԱՄ-ում վարպետ, ճարտարագետ, 1981-1985թթ. «Երքիմշին» տրեստում` ճարտարագետ:

1985-1990թթ. կատարել է կոմերիտական աշխատանք:

1990-1991թթ. աշխատել է ՀամԼԿԵՄ կենտկոմում: 1991-1998թթ. եղել է «Էրզրում» ԳԱՄ համանախագահ, 1998-1999թթ.` ՀՀ կառավարության գործերի կառավարիչի տեղակալ, 1999-2003թթ.` «Հրազդան» մարզահամալիրի տնօրեն:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 16 ընտրատարածք): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2008թ. օգոստոսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան: 2009թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, նստավայրը՝ Աշխաբադ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ