«Նուբարաշեն ՔԿՀ-ում արտակարգ իրավիճակ է: Այս մասին NEWS.am-ին փոխանցեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, իսկ նրան ահազանգել էին բանտարկյալների հարազատները:

«Տեղեկություն եմ ստացել, որ կալանավորների նկատմամբ բռնություն է գործադրվել: Մարզից զանգահարած մի ծնող ահաբեկված ասել է, որ որդու հետ խոսելու պահին հեռախոսից այնպիսի ձայներ է լսել, որ կարծել է՝ որդուն սպանում են: Տեղեկություն կա, որ կալանավայրում որոշ բանտարկյալների նկատմամբ բռնություն է գործադրվել, ինչից հետո մյուսներն իրենց բողոքն են հայտնել: Արթուր Օսիկյանի ղեկավարած վարչության դիմակավորված աշխատակիցները հարձակվել են փակված, անպաշտպան մարդկանց վրա, ջարդել, քարուքանդ արել խցերը, ինչից հետո կալանավորները սկսել են պատուհաններից անօգնական ճիչեր արձակել, խփել են դռներին, ներքնակներ այրել»,- ասաց իրավապաշտպանը:

Ժաննա Ալեքսանյանն արդեն ահազանգել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի թեժ գիծ, որտեղից արագ արձագանքման խումբ է մեկնել կալանավայր: Իրավապաշտպանի խոսքով, այս վայրագությունը ցնցել է անգամ կալանավայրում երկար տարիներ աշխատող հսկիչներին:

Կալանավորների փոխանցմամբ, 2000 թվականից հետո այսպիսի դեպք բանտում չի եղել: Ընդ որում, հարձակումը կրկնվել է երկու անգամ: