Մոսկվայի պետավտոտեսչությունն արգելել է Ռուսաստանի տարածքում շահագործել նոյեմբերի 4-ին կալանքի տակ վերցված ավտոբուսները, որոնք Մոսկվայից ուղեւորվում էին Երեւան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայության պետ Անդրեյ Գալիակբերովը։

Նրա խոսքով՝ ներկայումս երկու ավտոբուսները տարվել են Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության հատուկ կայանատեղի։ Հայաստանի քաղաքացի հանդիսացող 4 վարորդների վրա վարչական տուգանք է դրվել փոխադրամիջոցը տեխնիկապես անսարք վիճակում  շահագործելու համար։

«Այդ ավտոբուսների շահագործումը Ռուսաստանի տարածքում արգելված է մինչեւ անսարքություններն ամբողջովին չվերացվեն։ Սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը տուգանային հրապարակի ծառայությունների վճարները մուծելուց հետո կարող են վերցնել դրանք եւ ռուսական ճանապարհներով տեղափոխել բացառապես բեռնատար տարհանող մեքենաների ուղեկցությամբ»,- նշել է Գալիակբերովը։

Հարցին, թե ուղեւորները ՀՀ քաղաքացիներ են, թե ոչ, մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ ուղեւորների փաստաթղթերը ոչ ոք չի ստուգել, քանի որ նրանց կողմից իրավախախտումներ չեն եղել։

Ինչ վերաբերում է հարցին, թե Ռուսաստանի հեռավոր քաղաքներից Մոսկվա ժամանած եւ գիշերը ուղեբեռով փողոցում հայտնված մարդկանց քննության ընթացքում ժամանակավոր կացարան տրամադրվել է թե ոչ, Գալիակբերովը պատասխանեց, որ դա Մոսկվայի ոստիկանության խնդիրը չէ։ Դա յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Մոսկվայում երկու ավտոբուս են կանգնեցրել, որոնք նման են Տուլայի մարզում վթարի ենթարկված ավտոբուսին: Պարզվել է, որ  տեխնիկական ստուգումների ժամանակ ղեկի եւ արգելակման համակարգի լուրջ անսարքություններ, նաեւ ավտոբուսների գործարանային կոնստրուկցիաներում փոփոխություններ կատարելու փաստեր են հայտնաբերել:

Բացի այդ, վարորդը ուղեւորափոխադրումներն իրականացրել են առանց համապատասխան արտոնագրերի եւ անվտանգության պահանջների կոպիտ խախտումներով։