Երեւանի Պուշկինի 51/1 հասցեի նորակառույց շենքի բնակարանատերերը, որոնք նոյեմբերի 4-ին տեղահան էին արել շենքի երկաթյա դուռն ու մտել բնակարաններ, քիչ առաջ ահազանգեցին NEWS.am-ի խմբագրություն՝ հայտնելով, որ իրեն շենքի «սեփականատեր կոչող» Անդրանիկ Խալոյանը եւ մուտքի առջեւ հերթապահող ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս հանել, ինչը սակայն վերջիններին չի հաջողվել:
«Խալոյանը եկավ, ասեց՝ օրը 500 000 ոստիկաններին եմ տալիս, որ հերթապահեն, դուրս եկեք: Կարմիր բերետավորն ինձ, ամուսնուս եւ մեկ ուրիշ բնակարանատիրոջ հրեց, աստիճաններից գցեց: Հիմա շտապօգնություն ենք կանչել: 75 տարեկան ամուսնուս ասում ա՝ դուրս արի, գլուխդ կջարդեմ, նույնիսկ հարվածել են մեզ: Ուզում էին դուռը փակել, որպեսզի ներս չկարողանանք մտնել»,-պատմեց Լաուրա Կարապետյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Պուշկինի 51/1 հասցեի նորակառույց շենքի բնակարանատերերը, որոնք նոյեմբերի 4-ին տեղահան էին արել երկաթյա դուռը եւ մուտք գործել շենք, հրաժարվում են լքել իրենց բնակարանները:
Բնակարանատերերին վրդովեցրել է այն, որ իրեն շենքի սեփականատեր կոչող Անդրանիկ Խալոյանը հրաժարվում է հանձնել բնակարանները, մինչեւ իրենք նախնական պայմանագրով սահմանված 1ք.մ-ի դիմաց նախատեսված 700-800 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարեն 1080 դոլար:
Նշենք, որ կառուցապատող «Նարեկ-Դավիթ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Պապոյանի հետ 2006-2008թթ. քաղաքացիները կնքել են նոտարով հաստատված նախնական պայմանագիր, որով վերջինը պարտավորվել է մինչեւ 2009թ. հանձնել բնակարանները:
Շենքի կառուցումն սկսվել է պայմանագրով նախատեսված առաջին փուլի վճարումից հետո։ Որոշակի շինարարական աշխատանքից հետո բնակիչները կատարել են երկրորդ վճարումը, իսկ երրորդ վճարումը պետք է կատարեին բնակարանների սեփականության իրավունքները հանձնելիս, ոմանք նույնիսկ ամբողջությամբ են վճարել իրենց ապագա բնակարանների համար։
Գագիկ Պապոյանի նկատմամբ մեկ այլ` Արամի փողոցի նորակառույց շենքի բնակարանների բազմակի վաճառքի համար մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է:
Բնակիչներ խոսքով՝ դրանից հետո հայտնվել է Անդրանիկ Խալոյան անունով անհատ ձեռներեց, որը հայտարարել է, թե ինքն է շենքի սեփականատերը՝ հողատարածքը, որտեղ կառուցվել է շենքը, իրեն է պատկանում:
Պուշկինի 51/1 հասցեի ապագա բնակիչները պնդում են, որ 46 ընտանիք է դրսում մնացել, մինչդեռ նույն շենքի երկրորդ մուտքի բնակարանները առանց սեփականության իրավունքի արդեն բնակեցված են, ինչը նշանակում է, որ հնարավոր է` Գագիկ Պապոյանը վերավաճառել է նաեւ իրենց բնակարանները:
Բնակիչները դատարան դիմել չեն ցանկանում, արդարադատությանը չեն հավատում, ասում են՝ Անդրանիկ Խալոյանն ամենակարող է, դեռ մի բան էլ դատարանը կապացուցի, որ իրենք են խախտել ուրիշի սեփականության իրավունքը:





































