Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում ահաբեկչությունների շարքից հետո հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ։ Այս մասին AFP-ին հայտնել են Ֆրանսիայի նախագահին մոտ կանգնած աղբյուրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գործակալության տվյալներով՝ 2 երկրների նախագահները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը։ Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Ֆրանսիային օգնություն է առաջարկել Փարիզում հարձակումների կապակցությամբ։

Հիշեցնենք, որ ուրբաթ՝ նոյեմբերի 13-ի երեկոյան, Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել։ Անհայտ անձինք կրակ էին բացել մայրաքաղաքի 10 շրջանում, 3 պայթյուն հնչել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, որտեղ ընթանում էր Ֆրանսիա-Գերմանիա ընկերական խաղը, որին  ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Բացի այդ, «Բատակլան» թատրոնում կայացած ռոք համերգի ժամանակ եւ 11 –րդ շրջանում ահաբեկիչները մարդկանց պատանդ են վերցրել։ Փարիզի քաղաքապետարանը հաստատել է 153 զոհի փաստը։