Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ 9 ամիսների վերահսկողության արդյունքները:

Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային է հանրային հաշվետվողականության ապահովումը։ Այդ համատեքստում նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր նշանակություն ունի կառույցի գործունեության թափանցիկության և հանրային վստահության ամրապնդման գործում։

2026 թվականի 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 830 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 244 կարգապահական տույժ, այդ թվում՝

-հայտարարվել է նախազգուշացում` 14

–հայտարարվել է նկատողություն` 158,

–հայտարարվել է խիստ նկատողություն` 33,

–հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով՝ 26,

– ազատվել են Ոստիկանությունում ծառայությունից` 13։

Միաժամանակ, ոստիկանության 16 ծառայող ազատվել է ոստիկանությունում ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 11.1-րդ կետերի և 1.2-րդ մասի հիմքերով, այն է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու, ինչպես նաև դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ ռեաբիլիտացնող հիմքով դադարեցվելու հիմքերով։

Փրկարար ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվել է 4 կարգապահական տույժ, որից՝ 2 «նկատողություն», 2՝ «խիստ նկատողություն»։

Միաժամանակ, Փրկարար ծառայության 1 ծառայող ազատվել է ծառայությունից ոչ կարգապահական տույժի կարգով՝ «Փրկարար ծառայության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի, այն է՝ փրկարար ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու հիմքով։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է 9 կարգապահական տույժ, որից՝ 4 «նախազգուշացում», 2 «նկատողություն», 3՝ «խիստ նկատողություն։

ՆԳՆ կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվել է կիրառվել է 2 կարգապահական տույժ, որից՝ 1 «նախազգուշացում», 1 «խիստ նկատողություն»։

ՆԳՆ ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 11 կարգապահական տույժ, որից՝ 10 «նկատողություն», 1 «խիստ նկատողություն»։

2026 թվականի 9 ամիսների ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննության մարմիններ է ուղարկվել ծառայողական քննությունների ծառայողական քննությունների 10 նյութեր, որոնցով նախաձեռնվել են 9 քրեական վարույթներ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու փաստերով։

Դրանք պարունակել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու (այդ թվում՝ բռնության գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), պաշտոնեական կեղծիքի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու, խոշտանգման, խարդախության, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքեր։

Նշված ժամանակահատվածում ներքին գործերի նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 4 նիստ, որի ընթացքում քննարկվել են ոստիկանության՝ 20 և փրկարարական՝ 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 19 նյութեր ու եզրակացություններ:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունները նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 19 և փրկարարական 1 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել 7 ծառայողի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» և 13 ծառայողի նկատմամբ՝ «ծառայության դադարեցում» կարգապահական տույժերը, իսկ ոստիկանության 1 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից։