Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը խնդիր է հայ-լեհական տնտեսական հարաբերությունների համար: Այդ  մասին NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին: 

Ներկայումս, նրա խոսքով, լեհ-հայկական ապրանքաշրջանառությունը շատ փոքր է` տարեկան  50 մլն դոլարից մի քիչ ավելի: «Մենք բիզնես-համագործակցության զարգացման բազմաթիվ հնարավորություններ ունենք:  Տնտեսական համագործակցության ամենամեծ խնդիրը, մասնավորապես, կապված է Հայաստանում  «Լյուբավա» ընկերության գործունեության հետ: Մենք հույս էինք հայտնել, որ 2015-ին այդ լեհ-հայկական ընկերությունը օգուտ կբերի, բայց դա չեղավ: Եվ դա մենք համարում ենք  2015-ի ձախողումը», - նկատել է Նովակովսկին: Բացի այդ, շարունակել է դեսպանը, երկրորդ խնդիրը կա. Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը:

«Դա մեծ խնդիր է սննդամթերքի մեր արտահանողների համար, որոնք ֆիտոսանիտարական խոչընդոտների են բախվում: Հայաստանը մեծ շուկա չէ, եւ ծախսային նոր պահանջների ի հայտ գալը հանգեցնում է նրան, որ շատ արտահանողներ հրաժարվում են իրենց նախագծերից եւ նույնիսկ ներդրումներ չեն անում», - ընդգծել է Եժի Նովակովսկին: Լեհաստանի համար, դիվանագետի կարծիքով, շատ կարեւոր են Հայաստանում ներդրումները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեհաստանի համագործակցությունը երրորդ երկրների հետ: «Ես ակնկալում եմ, որ Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ տնտեսական հեռանկարները կկրկնապատկվեն կամ կեռապատկվեն: Բայց շատ բան կախված է Հայաստանի գործընկերներից, ինչպես նաեւ «Լյուբավա» ընկերության հաջողությունից կամ տապալումից, որովհետեւ դա լեհական առաջին մեծ ներդրումն է, եւ այլ ներդրողներ ուսումնասիրում են նրա փորձը», - ամփոփել է Եժի Նովակովսկին: