ԱՄՆ-ում նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփն իրեն «սուպեր երեքշաբթիի» հաղթող է հռչակել: Այս մասին նա հայտարարել է Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես հաղթողն եմ: Երբ սա (փրայմերիզը) ավարտենք, ես որս եմ սկսելու մեկ մարդու՝ Հիլարի Քլինթոնի դեմ»,-ասել է Թրամփը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով, Քլինթոնը, որը դեմոկրատների հնարավոր թեկնածուն կարող է լինել նախագահական ընտրություններում, ԱՄՆ քաղաքացիներին առաջարկելու բան չունի: «Եթե նա այսքան տարիներին ոչ մի նոր բան չի մտածել, ապա առաջիկա 4 տարիներին էլ չի մտածի»,-ասել է Թրամփը:
Նա արդեն 5 նահանգներում (Ալաբամա, Ջորջիա, Մասաչուսեթս, Թենեսի եւ Վիրջինիա) հաղթել է նախնական ընտրություններում: Թեդ Քրուզը հաղթել է Թեքսասում եւ Օքլահոմայում, իսկ Մարկո Ռուբիոն դեռեւս որեւէ նահանգում չի հաղթել:





























