Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում Կառավարության միջոցներով վերանորոգված 4 հարկանի բնակելի շենքի 40 բնակարաններից 13-ը բնակիչներին հատկացվել են ապօրինի: Այս մասին այսօր` մարտի 17-ին, լրագրողների հետ զրույցում պնդեց Ծաղկահովիտի բնակիչ Արայիկ Սարդարյանը:
Նա կառավարությունից պահանջում է շենքում բնակարան հատկացնել նաեւ իր անապահով ընտանիքին, իսկ դատախազությունից` հարցաքննել 13 ընտանիքների անդամներին եւ բացահայտել ապօրինությունը:
Արայիկ Սարդարյանի խոսքով` Կառավարության միջոցներով վերանորոգված շենքի 40 բնակարաններից 10-ը պետք է հատկացվեին 1988-ի երկրաշարժից տուժած, իսկ 30-ը` սոցիալապես անապահով ընտանիքներին:
«Մինչեւ կառավարության որոշումը, բազմիցս դիմել եմ ե՛ւ համայնքապետին, ե՛ւ մարզպետին ու Քաղաքաշինության նախարարություն, որ ինձ էլ ներառեն բնակարան ստացողների ցուցակում, որովհետեւ սոցիալապես անապով ընտանիք ենք, երեխաս հաշմանդամ է: 2015 թվականի դեկտեմբերի 31-ին ես հեռուստացույցով իմանում եմ, որ վարչապետի որոշմամբ, այդ բնակարաններն արդեն հատկացվում են ու ես չկամ այդ ցուցակում»,- ասաց Արայիկ Սարդարյանը:
Նրա խոսքով` նոր բնակարանատերերից 13-ը ո՛չ երկրաշարժի հետեւանքով տուժած ընտանիքներ են, ո՛չ էլ սոցիալապես անապահով, այլ կերպ ասած` նրանց բնակարան են հատկացրել ապօրինի:
«Հայտնաբերելով ցուցակը` ես տեսնում եմ, որ 13 ընտանիք չեն համապատասխանում ոչ մի կատեգորիայի, օրինակ` մարդը ֆերմեր է, 2 հարկանի առանձնատուն ունի, հետին թվով իր տունը, իբր, վաճառել է իր տրակտորիստին ու բնակարան ստացել: Անապահով ընտանիք ենք, ես մշտական աշխատանք չունեմ, երեխաս հաշմանդամ է, ինչո՞ւ պետք է մենք չստանանք բնակարան, հարուստ ֆերմերը ստանա»,- նշեց Արայիկ Սարդարյանը, որն այսօր Կառավարության շենք էր եկել հաշմանդամ աղջկա հետ:
«Հիվանդ երեխուս հետ եմ եկել, որ ձայնս լսելի լինի: Մինչեւ չեն տանջում, չեն լսում»,- ասաց նա:
Արայիկ Սարդարյանին ընդունեց քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: «Ես մինչ այս էլ գրավոր ներկայացրել էի խնդիրը, չէին հասկացել: Հիմա որ բանավոր ներկայացրի՝ հասկացան: Ղազարյանին ասացի` կոռուպցիան էլ ինչպե՞ս է լինում, նա ասաց` սա կոռուպցիա չէ, այլանդակություն է»,- ասաց Արայիկ Սարդարյանը:





























