Անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանին հոսպիտալացնելու որեւէ ցուցում չի եղել, ավելին հիվանդության փաստաթղթերում բարձր ջերմության մասին ոչինչ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասացին գործով մեղադրյալ, «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանը եւ Կարեն Կիրակոսյանը` նշելով, չեն հասկանում, թե ինչու էր այդ լուրը համառորեն տարածվում:
«Փորձաքննությամբ հաստատվել է, որ Մերի Մարգարյանը մահացել է HELLP արագ ընթացող հիվանդությունից, որը գրեթե չի բուժվում, ավելին՝ կյանքի օրոք շատ դժվար է ախտորոշվում: Չհոսպիտալացնելն ի՞նչ կապ ունի մահվան պատճառի հետ: Պատճառահետեւանքային կապ պետք է լինի, մինչդեռ փորձաքննությունն ասում է` այո, կան թերություններ, սակայն, այնուհանդերձ, մահացավ HELLP-ից: Ասում են` չի հոսպիտալացրել, սակայն դրա համար որեւէ ցուցում չի եղել: Դա հաստատում է փորձագետի եզրակացությունը, դա հաստատում են հետագայում հարցաքննված փորձագետները»,- ասացին փաստաբանները:
Փաստաբանների խոսքով` հուլիսի 24-ին Մերին զանգահարել է բժշկուհուն, ասել, որ ջերմություն է ունեցել, ոչ թե ունի. Բախշյանն անմիջապես նրան կանչել է հիվանդանոց, ուղարկել հետազոտությունների, սակայն ջերմության պատճառներ՝ թոքերում խնդիրներ, արյան մեջ վարակներ եւ այլն, չեն հայտնաբերվել:
«Այս ամենով հանդերձ, մեղադրանք են առաջադրում Շուշանիկ Բախշյանին: Ավելին, լրիվ ապօրինի ձերբակալում են: Ու դա արդեն գաղտնիք էլ չի: Դատական ակտ կա, որի համաձայն ձերբակալումն եղել է ոչ իրավաչափ»,- նշեցին նրանք:
Սիրունյանի եւ Կիրակոսյանի համար անհասկանալի է, թե ինչու է հենց Շուշանիկ Բախշյանին մեղադրանք առաջադրվել, քանի որ նախաքննական նյութերով նրա մեղքը մինչեւ օրս հիմնավորված չէ. «Ի՞նչ չի արել բժշկուհին, ո՞ր հարցում է թերացել. այս հարցերի պատասխաններն առ այսօր մենք չենք ստացել: Խնդիրը հետեւյալն է` եթե Շուշանիկ Բաշխյանին մեղադրում են պարտականությունները չկատարելու մեջ, թող բարի լինեն ցույց տալ այն իրավական ակտը, որտեղ այդ պարտականությունները նշված են: Շեշտում ենք` իրավական ակտ, այլ ոչ թե փորձագետ Գագիկ Հարությունյանի սուբյեկտիվ կարծիք: Անձի պարտականությունները փորձագետը չի որոշում: Դրանք սահմանվում են: Ավելին ասենք, այդ 4 օրերի ընթացքում Մերի Մարգարյանի հետ հիվանդանոցում եղել է նրա ամուսինը, այլ ոչ թե հայրը՝ Վաղինակ Մարգարյանը: Այս առումով որոշ չափով հասկանալի չեն նրա գնահատականները մի բանի մասին, որը նա չի տեսել: Օրինակ, ինչպես են բժիշկները 4 օր Մերիի առողջությամբ զբաղվել: Անկախ ամեն ինչից` Մերի Մարգարյանի` կրկնակի կորուստ կրած ամուսնուն եւ մյուս ազգականներին հայտնում ենք մեր ցավակցությունը»,- ասացին փաստաբանները:
Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքին, բժշկուհու փաստաբանների համար հասկանալի չէ, թե ինչու է այսքան ձգձգվում քննությունը. «Արդեն 8 ամիս է` նախաքննություն է ընթանում, սակայն դեռ ավարտ չի հայտարարվել: Մեզ այս փաստը մտահոգում է, նախաքննությունը մեր կարծիքով դանդաղ է ընթանում»:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը: Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:




























