Եզդի ուսուցիչներն ստանում են 35 հազար դրամ աշխատավարձ, եւ այս հարցով «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ն դիմել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

«Սինջար եզդիների ազգային միավորման» փոխանցմամբ, Հայաստանի երկու տասնյակից ավել դպրոցներում այսօր դասավանդվում է եզդիերեն լեզու, որն իրականացվում է պետական ծրագրի շրջանակում: Դպրոցներում դասավանդող ուսուցիչները հիմնականում եզդիերեն լեզվի ուսուցչի մասնագիտացում չեն ստացել: Կա վերապատրաստման խնդիր, սակայն ամենակարեւոր խնդիրներից շարունակում է մնալ եզդի ուսուցչի ցածր աշխատավարձը, որի հետեւանքով շատերը չեն ցանկանում դասավանդել: Դպրոցների մեծ մասում եզդիերենի ուսուցչի աշխատավարձը չի գերազանցում 35 հազար դրամը, այն դեպքում, երբ դասավանդում են ամեն աշխատանքային օր, այսինքն այլ աշխատանքով զբաղվելու հնարավորություն չունեն:

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի դպրոցի եզդիերեն լեզվի ուսուցիչ, «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ Համլետ Սմոյանի խոսքով, ժամանակն առաջ է գնում, իսկ լեզուն օր օրի մեռնում է: «Չեն  ծնվում նոր բառեր, հին բառերը աստիճանաբար մոռացության են մատնվում:  Կարծում եմ, անհրաժեշտ է վերապատրաստման դասընթացներ կազմակերպել եզդիերեն ուսուցիչների համար: Եվ լավ կլիներ, որ այդ դասընթացները  կազմակերպվեին եզդիների բնօրրանում կամ այդտեղից  ժամանած մասնագետի կողմից: Մյուս կարեւոր խնդիրը, որին բախվում է ուսուցիչը, դա դասագրքերի բովանդակությունն եւ  ձեւավորումն է:Դասագրքերը  հիմնականում անհետաքրքիր են աշակերտների համար, եւ ուսուցիչը ստիպված է փնտրել  այլ ճանապարհներ, դասն ավելի հետաքրքիր դարձնելու համար»,-նշել է Սմոյանը:

Նրա խոսքով, այսօր կա ուսուցիչների բացակայության, եւ եղածների գիտելիքի սակավության խնդիր: «Այսպիսով մեծանում է մի սերունդ, ով գիտի, որ ազգությամբ եզդի է,բայց թե ով է եզդին, ինչ ծագում ու պատմություն ունի , գաղափար անգամ չի կազմում»,-ասաց նա:

«Այսօր, հանրապետության այն 25 դպրոցներում, որոնցում  դասավանդվում է եզդիերեն, մասնագետները  հիմնականում  միջինից  բարձր տարիք ունեցողներն են, որոնք չունեն բարձրագույն կրթություն, քանի որ համալսարան ավարտած անձը չի ցանկանում  նմանօրինակ  ցածր աշխատավարձով աշխատել:  Այս առումով  մեր կառավարությունը մեծ աշխատանք ունի կատարելու:  Պետք է ստեղծվեն մեխանիզմներ, որոնք կտանեն այս խնդիրների լուծմանը: Այս նպատակով «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ն դիմել էր ՀՀ վարչապետին: Վերջինիս հրամանով կայացավ հանդիպում ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանի հետ, որի ընթացքում կազմակերպության եւ կառավարության միջեւ, այս խնդիրների լուծման նպատակով, համատեղ աշխատանք իրականացնելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: Սակայն ժամանակն անցնում է, իսկ ԿԳՆ-ի կողմից  մինչ  այժմ ոչ մի  դրական տեղաշարժ չի նկատվում»,-իր խոսքն ամփոփեց Սմոյանը: