Թալիշում ապրիլի 4-ին ծանր վիրավորված եւ առ այսօր հոսպիտալում գտնվող Ռոլանդ Սահակյանը չի բացառվում առաջիկայում արտերկիր մեկնի՝ բուժման նպատակով:

Ըստ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ականապայթյունային համակցված թորակոաբդոմինալ վիրավորում ստացած եւ ապրիլի 5-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռոլանդ Սահակյանի վերականգնողական բուժումն արտերկրում կազմակերպելու ուղղությամբ եւս կատարվել են համապատասխան հարցումներ, ստացվել է համապատասխան դիրքորոշում: Անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթն ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարություն` արտերկրում վերականգնողական բուժման հարցը սահմանված կարգով քննարկելու համար: Ռոլանդ Սահակյանի հարազատները եւս տեղեկացված են արտերկրում վերականգնողական բուժումը կազմակերպելու ուղղությամբ կատարվող աշխատանքերի մասին:

Նշենք, որ Ռոլանդ Սահակյանը հոսպիտալում գտնվելու ընթացքում շուրջ 9 վիրահատության է ենթարկվել. երկու թոքերի, լեղապարկի, լյարդի, 12-մատնյա աղիքի եւ ողնաշարի: Հունիսի վերջին Ռոլանդը տեղափոխվել էր հիվանդասենյակ, սակայն օրեր անց վիրահատվել եւ կրկին տեղափոխվել Վերակենդանացման բաժանմունք: Այժմ նա արդեն հիվանդասենյակում է: