Մեր հաշվարկներով Ռուսաստանում շուրջ 3 մլն հայ է ապրում, որի ներուժն ըստ էության չի օգտագործվում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին Երեւանի պետական համալսարանում «Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքը» խորագրով գիտաժողովի ժամանակ իր խոսքում նշել է Ռուսաստանի հայերի միության նախարար Արա Աբրահամյանը:

«Եթե ինձ հարցնեք, ես կասեմ, որ հայկական սփյուռքի պոտենցիալի 1 տոկոսն է օգտագործվում միայն։ Ինքս էլ եմ ինձ մեղադրում, որ չենք օգտագործում»,-ասաց Աբրահամյանը՝ հավելելով. «Մենք, ցավոք, գիտական գնահատական չենք տվել ժամանակակից Ռուսաստանի հայության տեղին ու դերին, թե որտեղ որքան հայ է բնակվում եւ ինչ վտանգ է սպառնում հայությանը, ինչպես ենք կարողանում պահպանել հայությունը»:

Հատկանշական է, որ Արա Աբրահամյանը նախ նշեց, թե Ռուսաստանում չկա մի մարզ, քաղաք, որ Ռուսաստանի հայերի միությունը չիմանա, թե ինչ է կատարվում այնտեղ, ապա քիչ հետո նշեց, թե չգիտեն, թե որտեղ որքան հայ է բնակվում: Նրա խոսքով, Ռուսաստանում բազմաթիվ հայեր կան, որոնց մասին իրենք չգիտեն:

Այնուհետեւ, Արա Աբրահամյանը իր հետագա խոսքում, խոստովանեց, որ ռուսերեն այդպես էլ չի սովորել, հայերեն էլ լավ չգիտի. «Մենք պատրաստվում էինք գրել մի այսպիսի գիրք Հայ ժողովրդի դերը միջին դարերում ունեցած... մենք որպես ասենք առեւտրական նավատորմի ազդեցությունը… ես ռուսերենը չսովորեցի, հայերենն էլ մի քիչ բավականին… «Ռոլ Արմենիա միջին դարերի…»,- խոսքը չկարողացավ ավարտել Արա Աբրահամյանը:

Իր խոսքի վերջում Արա Աբրահամյանն ընդգծեց. «Ես վստահ եմ, որ Հայաստանը ունի մեծ պոտենցիալ եւ զարգանալու է: Եթե համագործակցենք միացյալ ուժերով, կգտնենք մեր տեղը բոլոր ուղղություններում: Դա հայ ժողովրդին միանգամից, էվոլյուցիոն ձեւով, ոչ ստանդարտ քայլերով  կդնի այնտեղ, որը մենք գրավել ենք պատմության մեջ»: