News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում այսօր մթնոլորտը թեժ էր: Կրկին քննարկում էին «1000 դրամ բանակին» նախաձեռնությունը: Պատգամավորները, ընդհանուր առմամբ, համակարծիք են. Հայաստանում չկա որեւէ քաղաքացի, որը դեմ կլինի զինվորին եւ բանակին օգնելուն, այլ հարց է, որ վստահ չեն, որ գումարներն ըստ նշանակության կօգտագործվեն: Նաիրա Զոհրաբյանը նույնիսկ մտածել է, որ եթե ստեղծվող հիմնադրամում վստահություն եւ հարգանք վայելող մտավորականներ լինեին, կարող էին հավատալ լինել դրա գործունեությանը, բայց, ասում է, այդպիսիք չեն մնացել:

Նա նաեւ առաջարկել է նախ պատասխանատվության ենթարկել բանակի թալանով զբաղված անձանց, որպեսզի քաղաքացին տեսնի, որ երկրում պատասխանատվության ինչ-որ մակարդակ կա: Կորյուն Նահապետյանն էլ կոչ է արել փաստեր ներկայացնել: Ամեն դեպքում՝ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ համազգային գաղափար է համարում բանակի կամ զինվորի շուրջ համախմբումը:

Ռուբեն Հակոբյանը զայրացել էր: Նրան դուր չի եկել, որ Կորյուն Նահապետյանն անընդհատ կոչ է անում կոռուպցիայի մասին փաստեր ներկայացնել իրավապահներին. այդ դեպքում ինչո՞վ են զբաղված այդ մարմինները, ինչո՞ւ իրենք չեն հետաքննում:

Օրինագծին կողմ է քվեարկելու նաեւ Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ սա հայոց բանակի մարտունակությունը բարձրացնելուն ուղղված նախագիծ է համարում: Բայց օրինագիծը տուգանք է բնորոշում, պատիժ, որ 25 տարվա ընթացքում չենք կարողացել այնպիսի պետություն ստեղծել եւ իշխանություն ձեւավորել, որը կհոգար հայ զինվորի կարիքները: Անդրադառնալով պաշտպանության նախարարի առաջարկին, որ հարկավոր է այս վճարումից ազատել զոհված կամ հաշմանդամ զինծառայողների եւ բանակի շարքերում զինվոր ունեցող ընտանիքներին, Փաշինյանն առաջարկել է այդ ընտանիքներին ավելի կարեւոր հոգսերից ազատել:

Արցախում կրտսեր սերժանտի կողմից սպանված ժամկետային զինծառայող Վարդան Առաքելյանի մարմինն այսօր հողին են հանձնել: Նա Արմավիրի մարզի Արազափ գյուղից էր: Այս համայնքում վարձով բնակվող Առաքելյանների ընտանիքին պաշտպանության նախարարությունը խոստացել է օգնել՝ սեփական տանիքը ձեռք բերել: Գյուղապետ Մանվել Հարությունյանը պատմել է, որ Վարդանի ծառայությունը ձեռքի կոտրվածքի պատճառով երեք տարով  հետաձգվել էր, բայց առողջանալուց հետո նա զորակոչվել եւ ծառայել է եղբոր հետ: Եղբայրը պետք է հունվարին զորացրվեր, սակայն հարազատներն ու համագյուղացիները պաշտպանության նախարարությանը խնդրել են նրան թույլատրել 2 ամիս մնալ ծնողների կողքին: Խնդրանքը բավարարվել է:

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է խոցված անօդաչու սարքի մասին լուրերը: Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դա ապատեղեկատվություն է: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ նախօրեին անօդաչու թռչող սարք են խոցել:

Հուլիսի դեպքերի ժամանակ ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքից դուրս սպանված ոստիկանի գործով մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանին։ Յուրի Տեփանոսյանը հրազենային վնասվածքից մահացել էր հուլիսի 30-ին, ըստ ոստիկանության՝ նա սպանվել է դիպուկահարի կրակոցից։ «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանն այդ ժամանակ հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ Տեփանոսյանը սպանվել է ոստիկանության կողմից։ Այնուամենայնիվ, ոստիկանությունը տեսանյութ տարածեց, որում պատկերված էր Սմբատ Բարսեղյանը։ Սեպտեմբերի սկզբին էլ գլխավոր դատախազը հայտարարեց, թե սպանված երեք ոստիկանների գործով մեղադրանքներ են առաջադրվելու «Սասնա ծռեր»-ի անդամներին։ Երկու ամիս անց Սմբատ Բարսեղյանին սպանության հատկանիշներով մեղադրանք առաջադրվեց։ Թե ում մեղադրանք կառաջադրվի մյուս երկու ոստիկանների սպանության գործով, Հատուկ քննչական ծառայությունը գաղտնի է պահում։ Տեղեկություններ կան, որ ՊՊԾ գնդի գրավման օրը հրաձգության ժամանակ սպանված Արթուր Վանոյանի գործով մեղադրանք է առաջադրվելու Մխիթար Ավետիսյանին։

Շենգավիթի «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության կասկածանքով ձերբակալվածներ կան: Ձերբակալվել է գեղեցկության սրահի սեփականատեր Գեղամ Իսրայելյանը՝ «չարբախցի Գեղամը», նրա կինը եւ Ռուբեն Խաչատրյան անունով եւս մեկ քաղաքացի: «Չարբախցի Գեղամը» հետախուզման մեջ էր: Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ տուժածներից Արամ Պետրոսյանը հիվանդանոցում է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Տեղեկությունների համաձայն՝ վիճաբանությունը ծագել է փողի պատճառով, «չարբախցի Գեղամի» եւ «Ճվճվ Արոյի» տղաների միջեւ: Բնակիչներն ասում են՝ այստեղ հաճախ են քրեական դեմքեր հավաքվում եւ «փողի ռազբորկա» անում:

Հիվանդանոցում 2 տարեկան երեխա է մահացել: Փոքրիկը Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածքով: 3 օր շարունակ բժիշկներն ամեն ինչ արել են՝ նրա կյանքը փրկելու համար, բայց չի հաջողվել։ Նախնական տեղեկություններով, երեխայի վրա եռացրած ջուր է թափվել:

Հայաստանի քաղաքացու մասնակցությամբ խոշոր վթար Մոսկվայում: Իրար են բախվել երկու մարդատար մեքենաներ, որոնից մեկը՝ տաքսի ծառայության ավտոմեքենա: Վերջինը պատահարից հետո նաեւ վրաերթի է ենթարկել տրանսպորտի կանգառում գտնվող մարդկանց: Վրաերթի հետեւանքով 12 մարդ է տուժել, որոնցից 11-ը հիվանդանոց է տեղափոխվել: Ռուսաստանյան իրավապահների տեղեկացմամբ, տաքսու վարորդը Հայաստանի 30-ամյա քաղաքացի է, Մոսկվա է ժամանել 3 ամիս առաջ: Նա 48 ժամով ձերբակալվել է:

Նոյեմբերի 15-ին դոլարն ու եվրոն թանկացել են: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 517, ռուբլունը՝ 7 դրամ 32 լումա, ֆունտինը՝ 594 դրամ։

Նոյեմբերի 16-ին հանրապետության շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով: Երեւանում նույնպես վաղը երեկոյան ժամերին տեղումներ կլինեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ