Հանրապետական կուսակցության անդամները թեեւ ցավով են ընդունում երկարամյա կուսակից Հովիկ Աբրահամյանի կուսակցությունից հեռանալու քայլը, սակայն միաժամանակ պնդում են, որ նրա տեղը բաց չի մնա։ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե իրենց շարքերում անփոխարինելի մարդիկ չկան։
Պարոն Բաղդասարյան, Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես լքեց կուսակցությունը, մե՞ծ կորուստ է Հանրապետական կուսակցության համար, ի վերջո երկու տասնամյակ նա եղել է ձեր կուսակցության շարքերում եւ համարվել կուսակցության օգտին քվե բերող հիմնական ռեսուրսներից մեկը։
Ցանկալի երեւույթ չէ, որ երկարամյա համագործակցությունից հետո լսում ենք նման հայտարարության մասին, բայց քաղաքական գործընթացներ են, զարգացումներ, եւ յուրաքանչյուր մարդ ազատ է իր դիրքորոշման մեջ։ Ինձ թվում է՝ դա իր անձնական որոշումն է, ես կարծում եմ, որ քաղաքական գործունեությունը շարունակելու է այլ բնագավառում։ Ինձ թվում է՝ ոչ մեկի տեղը բաց չի մնում, դա լրացվելու է։
Հովիկ Աբրահամյանը ինչի՞ց է նեղացել, որ այդպես կտրուկ քայլի դիմեց։ Կուսակցության համամասնական ցուցակում նրա համար տեղ չկա՞ր։ Ինչո՞ւ հենց ընտրությունների շեմին կայացրեց այդ որոշումը։
Մեկնաբանությունները իրենից կարող եք ստանալ, որեւէ նեղացվածություն ես չեմ զգացել, մենք բավականին մոտ հարաբերությունների մեջ ենք։ Հայտարարության մեջ էլ նեղացվածության տողեր չեմ նկատել։
Հնարավո՞ր է՝ Հովիկ Աբրահամյանի օրինակին հետեւեն կուսակցության այլ հնաբնակներ՝ Մհեր Սեդրակյանը, Գագիկ Բեգլարյանը, Սուրիկ Խաչատրյանը, որոնք համարվում են նրա թիմակիցները։
Կապրենք՝ կտեսնենք, ժամանակը ցույց կտա, նրանք բոլորիս ընկերներն են, ՀՀԿ-ում մեկ թիմ է... Չեմ կարող նրանց փոխարեն հայտարարել՝ ինչ կանեն։
Հովիկ Աբրահամյանը իր հայտարարության մեջ շեշտել է հետեւյալը. «Անշուշտ, ՀՀԿ-ում իմ տեղը բաց չի մնա. կգան նորերը, միգուցե ավելի խելացի կամ նպատակասլաց, բայց շատ կցանկանայի, որ լինեն առնվազն նույնքան հայրենասեր և պետականամետ»։ Կկարողանա՞ք նրան այսպիսի հատկանիշներով փոխարինող գտնել։
Ես չեմ կարծում, որ անփոխարինելի մարդիկ կան մեր իրականության մեջ, բոլորս էլ ունենք մեր դերակատարությունը, ինքն էլ իր դերակատարումը այս տարիների ընթացքում, երկրում կարեւոր պաշտոններ է զբաղեցրել, չէր կարող չլինել հայրենասեր ու պետականամետ, բայց որեւէ մեկը անփոխարինելի չէ, եւ որեւէ տեղ դատարկ չի կարող մնալ։
Նախկին ՀՀԿ-ականը հայտարարել է, որ շարունակելու է քաղաքական գործունեությունը, ինչ եք կարծում, կհանգրվանի՞ ոչ իշխականական ճամբարում, ինչպես Սեյրան Օհանյանը։
Դա արդեն իր որոշելու խնդիրն է, երկար տարիներ իշխանության մեջ բարձր պաշտոններ զբաղեցրած գործիչ է, ինքը կորոշի։
Պարոն Բաղդասարյան, ի՞նչ է կատարվում իշխող կուսակցությունում, արդեն ճաքե՞ր է տալիս իշխանությունը, ինչո՞ւ են ՀՀԿ հենասյունները լքում կուսակցությունը այս ճակատագրական փուլում։
Ոչ միայն իշխանության մեջ, այլ նաեւ ցանկացած քաղաքական ուժի մոտ կարող են լինել մուտքեր եւ ելքեր, Դուք խոսում եք միայն ելքերի մասին, պետք է նաեւ նկատեք մուտքերը, տեղաշարժերը։ Սերնդափոխությունը, տեղաշարժերը տարբեր ձեւերով կարող են լինել։ Կարեւորը արդյունքն է, որի մասին կխոսենք ընտրություններից հետո։
Քվե ստանալու հարցում ո՞ւմ հույսին է ՀՀԿ-ն։
Մեր ամբողջ կուսակցության. կրկնում եմ՝ անփոխարինելի մարդ չկա։





























