Facebook սոցիալական ցանցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունով բացված էջը բնականաբար կեղծ է, Հանրապետության նախագահը որեւէ սոցիալական կայքում էջ չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

Նրա խոսքով, այժմ համապատասխան միջոցներ են ձեռնարկվում համացանցից այդ էջը հեռացնելու համար:

Հարցին, թե հետագայում հնարավո՞ր է երկրի նախագահը էջեր ունենա սոցիալական կայքերում, Վլադիմիր Հակոբյանը պատասխանեց. «Հավանական չեմ համարում, քանի որ երկար տարիների ընթացքում հանրապետության նախագահը էջ չի ունեցել, եւ չեմ կարծում, որ առաջիկայում նման բան լինի»:

Նշենք, որ նախօրեին լուրեր տարածվեցին, որ Սերժ Սարգսյանի անունով էջ է բացվել Facebook սոցիալական ցանցում: