Վարչապետ. Պետհաստատությունների անարդյունավետ մենեջերները պետք է պատասխանատվություն կրեն։ Այս մասին փետրվարի 2-ին կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Պետության վերահսկիչ փաթեթով ընկերությունները պետք է 2 շաբաթվա ընթացքում կազմեն 2017-ի բիզնես ծրագիրը։ Դրանում պետք է նշված լինեն եկամուտների եռամսյակային աղբյուրները, ինչպես նաեւ հիմնական ծախսերի նախահաշվարկները՝ հարկեր, աշխատավարձեր, նյութական եւ ֆինանսական ծախսեր, մաշվածություն։
3 շաբաթվա ընթացքում այդ ծրագրերը պետք է քննի Պետական գույքի կառավարման կոմիտեն։ Իսկ մեկ ամսվա ընթացքում այն պետք է ներկայացնի կառավարության գնահատականը այդ ծրագրերի իրականացման իրատեսության հարցով։
«Այդ ծրագրերի հիման վրա պետք է կազմել այդ հաստատությունների կառավարման գնահատման համակարգը։ Ոչ արդյունավետ տնօրենները պետք է պատասխանատվություն կրեն»,- ասել է վարչապետը։




























