Ձնհալից առաջացող ջուրն առաջիկայում կարող է հեղեղել Երեւանը. այսպիսի վտանգ են կանխատեսում ոլորտի մասնագետները: Այսօր՝ փետրվարի 3-ին, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը այս մասին ահազանգ-նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Skandalayin.ru կայքում տպված հոդվածը՝ «Երեւանը ջրհեղեղի վտանգի առջեւ է. պատկան մարմիններն անհանգստացած են», մեղմ ասած՝ լուրջ մտահոգությունների տեղիք տվեց: Այդպիսի նախադեպ եղել է դեռեւս 1946թ., երբ աղետը քաղաքին մեծ վնաս է հասցրել: Ու նույնը սպասվում է հիմա, երբ առաջիկայում եղանակը կտրուկ տաքանալու է՝ ինչպես կանխատեսում են օդերեւութաբանները:
Ձնհալից առաջացած ջուրը հեղեղելու է մեր փողոցն ու տունը, քանի որ եւ՛ Հրազդան գետը, եւ՛ Գետառը (որի մի մասը բետոնապատված է) չեն կարողանալու այդ ծավալի ջուրը տեղափոխել: Այս ահազանգը հնչեցնում են ոլորտի մասնագետները, մինչդեռ փաստացի որեւէ գործողություն չի ձեռնարկվել աղետի դեմն առնելու համար»,- նշված է նամակում:
Ավագանու անդամը խնդրել է տեղեկացնել, թե քաղաքապետարանը կոնկրետ ինչ միջոցառումներ է նախատեսում եղանակի տաքացման դեպքում կանխատեսվող աղետը կանխարգելելու նպատակով:




























