ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուսումնասիրում է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ռազմական եւ դիվանագիտական դաշինքը պառակտելու հնարավորությունները: Նպատակը կրկնակի է՝ ձգտել սեղմ ժամկետում դադարեցնել Սիրիայի հակամարտությունը եւ խթանել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Թրամփի վարչակազմում աղբյուրներին եւ եվրոպական ու արաբական երկրների պաշտոնատար անձանց: 

Աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ վարչակարգում ոչ մի պատրանք չունեն Ռուսաստանի ձգտումների հետ կապված: Միեւնույն ժամանակ, սակայն, այս պահին այն չեն դիտարկում Միացյալ Նահանգների գոյության սպառնալիքի աղբյուր, ինչպիսին եղել է Խորհրդային Միությունը:

«Ռուսաստանի եւ Իրանի միջեւ հավանաբար անդունդ է առաջանում: Առայժմ հստակ չէ, թե Ռուսաստանի ղեկավարությունը կոնկրետ ինչ կպահանջի Իրանի հետ դաշինքի թուլացման դիմաց»,- ասել է եվրոպական աղբյուրը՝ հավելելով, որ Վաշինգթոնի դրած խնդիրները կարող են չափից ավելի բարդ լինել եւ անդրադառնալ Արեւմուտքի գործընկերների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների ամբողջ ճարտարապետության վրա: