Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ տարածքային ցուցակով մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա նշել է այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե այսքան ժամանակ ի՞նչ է արել ԱԺ-ում, որ հիմա նորից ցանկանում է առաջադրվել, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Որովհետեւ մեր Մալաթիա-Սեբաստիա համայնքի եւ Շենգավիթ համայնքի բնակիչների ցանկությունն է, որ ես նորից առաջադրվեմ: Ժողովուրդը գալիս ասում է՝ անպայման դրեք»:

Նա նշեց, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում անվճար լավաշ բաժանելը կապ չունի ընտրությունների եւ քվեներ ստանալու հետ:

«Ես ուրիշ գործ չունեմ, բիզնես ոլորտ չունեմ, ոչ մի բան չունեմ»,-ասաց նա՝ հավելելով, որ նույն ընտարական տարածքում ՀՀԿ ցուցակով իր թեկնածությունն է դնում նաեւ ԱԺ պատգամավոր, իր բարեկամ Կորյուն Նահապետյանը, որի հետ մրցակցություն է լինելու:

Հարցին, թե ընտրակաշառք բաժանելո՞ւ է, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ցավդ տանեմ, ընձի փող որտեղից, որ ընտրակաշառք բաժանեմ, ես բիզնես չեմ զբաղվում»: