«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փետրվարի 10-ին համագումար է հրավիրում, որի օրակարգում երկու հարց է ներառված` կուսակցության նախագահի ընտրություն եւ հուշագրի ստորագրում: Այս մասին NEWS.am-ին ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«ԲՀԿ 9-րդ հերթական համագումարն է լինելու, որի օրակարգում առաջին եւ ամենակարեւոր հարցը կուսակցության նախագահի ընտրությունն է: Օրակարգում նաեւ ընդգրկված է լինելու նաեւ հուշագրի ստորագրում, համաձայն որի ձեւավորվելու է «Ծառուկյան» դաշինքը»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Իվետա Տոնոյանի խոսքով` 99 տոկոսով հայտնի է գործընկեր կուսակցությունների ցանկը, սակայն առայժմ ինքը ձեռնպահ է մնում անուններ տալուց: Հարցին` հնարավոր է Հովիկ Աբրահամյանը միանա «Ծառուկյան դաշինքին», Իվետա Տոնոսյանը պատասխանեց. «Ես որեւէ տեղեկատվություն չունեմ այդ մասին, իմ ունեցած տեղեկատվության համաձայն` համագուծակցության քննարկում Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ տեղի չի ունեցել»:
Նշենք, որ ավելի վաղ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ վայր է դնելու կուսակցության նախագահի լիազորությունները:




























