Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան-Սարգսյան-Հայրիկյան դաշինքի մոտ դժվարություններ են ծագել, մասնավորապես՝ նախընտրական ցուցակը կազմելու հետ կապված: Այս մասին փետրվարի 7-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը:

«Եթե մենք միասնական ուժերով գնում ենք հաղթելու, որքանո՞վ է կարեւոր, թե դու որ տեղում կլինես: Ես ասել եմ, որ համաձայն եմ 10-րդ տեղին»,- հավաստիացրեց Հայրիկյանը: Նա նշեց, որ ԱԻՄ-ը, արձագանքելով երեք կուսակցությունների հրավերին, հայտարարել է նրանց միանալու մասին: «Սակայն մեր դաշինքում անհասկանալի դանդաղկոտություն է նկատվում: Դաշինքի ձեւավորումը խնդիրներով է ուղեկցվում: Դանդաղկոտության մասին է վկայում  այդ գործընթացի հանդեպ պատշաճ պատասխանատվության բացակայությունը»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով, ամեն ինչ պետք է արագացնել, հակառակ դեպքում Ազգային ինքնորոշում միավորումը դաշինքից դուրս կգա: «Եթե չի հաջողվում միասնական ուժերով հաղթական միավորում ստեղծել, ապա մենք այնտեղ անելիք չունենք: Եվ մենք կարող ենք այդ մասին հայտարարել»,- ամփոփեց խորհրդային տարիների այլախոհը: