Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու վիրավորում ստացած  պայմանագրային զինծառայող Գեղամ Մանուկյանը շուրջ 20 տարի ծառայում էր բանակում: NEWS.am-ի թղթակցին Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը նշեց, որ իր առաջին զինծառայողներից է եղել Գեղամը, երբ ինքն էլ դեռ ծառայում էր Զինված ուժերում:

«Գեղամ Մանուկյանը Մարտակերտից էր, ամուսնացած էր, երեխաներ ուներ»,- ասաց նա:

Նշենք, որ Գեղամ Մանուկյանը նախկինում վիրավորվել էր եւ ապաքինվելուց հետո կրկին վերադարձել էր ծառայության:

Ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ փետրվարի 8-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:

Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:

Կատարվում է քննություն: