Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը կարծում է, որ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեծ դերակատարություն ունի կազմավորվող «Ծառուկյան» դաշինքում: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հետ բանակցությունների դադարեցմանը:

«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը բավական մեծ ազդեցություն ունի այդ ձեւավորվող դաշինքում, այդպես է գոնե երեւում քաղաքական շշուկներից ելնելով: Երբ նախընտրական ցուցակները հրապարակվեն, դուք էլ կհասկանաք, թե ուղղակիորեն ինչ դերակատարություն ունի նա»,-ասաց Նարեկ Գալստյանը:

Բացի այդ, ՍԴՀԿ-ի ատենապետը համոզված է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դաշինքի ձեւավորման փուլում մամուլում որոշ հրապարակումների հետեւում է կանգնած եղել:

«Ես խորը համոզմունք ունեմ, որ Նաիրա Զոհրաբյանը կանգնած էր մամուլում տեղ գտած որոշ հոդվածների հետեւում: Այն ընթացքում, երբ դաշինքը դեռ ձեւավորվում էր, պարբերաբար մամուլում հրապարակումներ եղան, վստահ եմ, որ դրա հետեւում նա էր կանգնած, թե ինչու՝ գնացեք ու իրեն հարցրեք: Այդ անառողջ մթնոլորտում աշխատել մենք չցանկացանք»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՍԴՀԿ-ն դադարեցրել է բանակցությունները Գագիկ Ծառուկյանի հետ: Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը պարզաբանել էր, թե ինչու է դադարեցվում բանակցությունները ՍԴՀԿ-ի հետ՝ նշելով, որ առկա են ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ հակասություններ ու հանրային ու քաղաքական ոչ միարժեք ընկալումներ, այդ պատճառով Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում դաշինքային համագործակցությունը Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) հետ: