Մեկ ամիս առաջ «Շենգավիթ» ԲԿ-ում ծնված երեխայի մահվան հավանական պատճառ հանդիսացած գանգի կոտրվածքը չէր կարող ստացված լինել մեկ ամիս առաջ «Շենգավիթ» ծննդատանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Շենգավիթ» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայտարարությունում ասվում է.

«Ցավով տեղեկացանք մեր ծննդատանը մեկ ամիս առաջ ծնված երեխայի մահվան մասին: Մեր ցավակցությունն ենք հայտնում փոքրիկի ծնողներին եւ հարազատներին:

Լրատվամիջոցներում արդեն իսկ շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, թե երեխայի հարազատները մեղադրում են «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկներին երեխայի մահվան մեջ, ցանկանում ենք պաշտոնական հայտարարություն անել.

Երեխան ծննդաբերությունից հետո տրանզիտոր դեղնուկի եւ հիպոգլիկեմիայի բուժումն անցնելուց հետո դուրս է գրվել «Շենգավիթ» ԲԿ-ից ծննդաբերությունից 8 օր հետո, բավարար վիճակում:

Դուրս գրմանը նախորդող վերջին 3 օրերի ընթացքում երեխան գտնվել է մոր խնամքի տակ: Դուրս գրմանը նախորդել են մի շարք հետազոտություններ, որոնց արդյունքներով երեխայի առողջական վիճակում շեղումներ չեն հայտնաբերվել:

Գանգի կոտրվածքի, գանգուղեղի որեւէ ախտահարման մասին վկայող ախտանիշներ չեն եղել: Դուրս գրումից հետո երեխան գտնվել է տեղամասի մանակբույժի հսկողության տակ, երկու անգամ ծնողների կողմից տարվել է առաջատար մանկաբուժական կլինիկաներ ջերմության գանգատով: Այդ զննումների եւ խորհրդատվությունների արդյունքում որեւէ գանգուղեղային ախտահարում չի ախտորոշվել:

Մեր համոզմամբ ծնվելուց մեկ ամիս հետո նորածնի մահը որեւէ կերպ կապված չէ  «Շենգավիթ» ԲԿ-ի գործունեության հետ:

Հուսով ենք, որ նախաքննությամբ կհաստատվի մեր համոզմունքը նրանում, որ երեխայի մահվան հավանական պատճառ հանդիսացած գանգի կոտրվածքը չէր կարող ստացված լինել մեկ ամիս առաջ մեր ծննդատանը»: