ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 30 օրական երեխայի մահվան հանգամանքները պարզելու  ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017թ. փետրվարի 10-ին՝ ժամը 05:05-ին, շտապօգնության կայանից  ահազանգ է ստացվել առ այն, որ Երեւան քաղաքի բնակարաններից մեկում  հանկարծամահ է եղել  30 օրական տղա երեխա: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն , դիակի զննությամբ փորձագետները հայտնաբերել են գանգի կոտրվածք։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ): Երեխան ճանաչվել է տուժող, հարցաքննվել են երեխայի ծնողները, հարազատները, բուժաշխատողները։

Նախնական քննության տվյալներով՝  երեխայի մայրը ծննդաբերել է 2017թ. հունվարի 10-ին, իսկ  ծննդատնից դուրս գրվել հունվարի 18-ին։ Ըստ բժիշկների՝ նորածնի մոտ նկատվել էր գլյուկոզայի նվազեցում եւ մաշկի դեղնության ինտենսիվացում, ուստիեւ՝ համապատասխան բժշկական օգնություն են ցուցաբերել նրան։

Հարազատների ցուցմունքների համաձայն՝ դուրս գրվելու ժամանակ  փոքրիկի գլխի հետեւի ձախ կողմում նկատել են անհարթություն, սակայն կարեւորություն չեն տվել՝ մտածելով, որ նա 8 օր շարունակ գտնվել է բժիշկների հսկողության ներքո։ Հարազատները հայտարարել են, որ երեխան տանը վայր չի ընկել, գլուխը որեւէ տեղ պատահաբար չի դիպել։  Բժիշկները եւս իենց ցուցմունքներում բացառել են նորածնի՝ բաժանմունքում գտնվելու ընթացքում մարմնական վնասվածք ստանալու հանգամանքը։

Քննությամբ պարզվել է, որ նորածնի հարազատները, դուրս գրվելուց հետո, նրան բժշկական հետազոտման են տարել երկու այլ բժշկական կենտրոն։ Քննիչի որոշմամբ՝ այդ երկու բժշկական կենտրոններից առգրավվել են երեխայի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը, իսկ ծննդատնից՝ ծննադաբերության, նորածնի զարգացման պատմագիրը, հղիի եւ ծննդկանի անհատական քարտը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում երեխայի մահվան պատճառները, ծանր մարմնական վնասվածքն ստանալու հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: