Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Ցուցակները փակցված են ընտրական տեղամասերում: Դրանք տեղադրվել են նաեւ ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: 

Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչեւ 2017 թ.մարտի 23-ը դրանք վերացնելու համար կարող եք դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային եւ վիզաների վարչություն:

Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան մինչեւ 2017 թ. մարտի 25-ը, բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

«Տեղեկացվում է նաեւ, որ ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2017 թվականի փետրվարի 21-ից ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: