Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում մարտի 1-ին տեղի ունեցած վիճաբանության ընթացքում դանակահարված 23-ամյա Աբրահամ Ադամյանն ապաքինվում է, նա շուտով դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ երիտասարդի ինքնազգացողությունն արդեն լավ է եւ այսօր կամ վաղը դուրս կգրվի հիվանդանոցից:
Աբրահամ Ադամյանին հիվանդանոց էին տեղափոխել որովայնի ձախ կեսի կտրած-ծակած վերքով:
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ դանակահարած երիտասարդը Մասիսում ԲՀԿ պատասխանատուներից էր, իսկ նրան դանակահարողը ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի շտաբի պետն է: Մուրադ Մուրադյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր լուրը, թե դանակահարողը Մուրադ Մուրադյանի շտաբի պետն է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:




























