News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Մարզահամերգային համալիրի հարակից տարածքից այսօր մարդիկ երթով շարժվել են դեպի Շահումյանի գերեզմանատուն. «Սան Լազար» սգո սրահում տեղի է ունեցել «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը: Երթի մասնակիցները ծաղիկներով եւ «Հաց բերողի» լուսանկարով պաստառներով են եղել: Իսկ Ազատության հրապարակում նրա հիշատակին նաեւ մոմավառություն է կազմակերպվել:

Սարգսյանի հոգեհանգստին բազմաթիվ քաղաքացիներ, մշակույթի եւ քաղաքական գործիչներ են ներկա եղել: Եվս մեկ անգամ նշվել է, որ չէր կարելի Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորել. առանց այն էլ խնդիրներ ունեցող Սարգսյանի առողջությունը քայքայեցին կալանավորումն ու հացադուլը: Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 22-ին, ժամը 14-ին: Նրան հողին կհանձնեն Շահումյանի գերեզմանատանը:

Այսօր նույնպես Ազգային ժողովի նիստերի դահլիճը մարդաշատ չէր: Քառօրյա նիստերի գումարման համար կրկին քվորում չապահովվեց. խորհրդարան էր ներկայացել 15 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար, հիշեցնենք, առնվազն 66 պատգամավորի ներկայություն է անհրաժեշտ: Առայժմ դժվար է կանխատեսել, թե նախընտրական քարոզչությամբ զբաղվող քաղաքական ուժերի ներկայացուցիչներն արդյո՞ք վաղը խորհրդարան կգան՝ կառավարության հետ հարցուպատասխանի:

Իսկ մինչ պատգամավորների հարցերին պատասխանելը, աշխատանքային այցով Արագածոտնում գտնվող վարչապետն այսօր ստիպված է եղել գյուղացիների հարցերի: Նա փորձել է բացատրել, որ գյուղացիների խնդիրներին պետք է համալիր լուծում տալ, ծրագրեր կազմել ու կառավարություն ներկայացնել, բայց գյուղացիները պարբերաբար ընդմիջել են վարչապետին ու առանձին պահանջներ ներկայացրել: Կարապետյանը չի դիմացել:

Մեկ այլ հարցադրում, բայց արդեն նախկին պաշտոնյայի, ուղղել են Շիրակում: Նախընտրական քարոզչության շրջանակում Արթիկ ժամանած Սեյրան Օհանյանին տրված հարցերը հիմնականում բանակին են վերաբերել: Մի կին դժգոհել է զինվորի եւ նրա ընտանիքի հանդեպ պետության անտարբերությունից: Զինվորների մայրերը դիմել են բնակարանների խնդրով, մի քանիսը նամակներ են հանձնել, նաեւ բողոքել բանակի սննդից եւ զինվորների հագուստից: Օհանյանն արձագանքել է. անսխալական կառույց չկա:

Րաֆֆի Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում անդրադարձել է «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանի եւ Անահիտ Բախշյանի հեռանալուն: Ափսոսում է, որ կորցրել է թիմակիցներին, բայց համաձայն չէ նրանց կարծիքին, որ «Ժառանգություն»-ը հեռացել է իր սկզբունքներից:

Եվ նոր մանրամասներ Քուչակ գյուղում «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետի դանակահարության մասին: Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ միջադեպի մասնակիցների միջեւ վիճաբանությունը ծագել է չնչին հարցերի շուրջ, մարմնական վնասվածք ստացածներն էլ Քուչակ եւ Արայի գյուղի բնակիչներ են: Քրեական գործ է հարուցվել, փորձում են պարզել դեպքի բոլոր հանգամանքներն ու միջադեպի մասնակիցների ինքնությունը:

Հիշեցնենք, որ Քուչակում վիճաբանության ժամանակ դանակահարվել են «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը եւ դաշինքի համակիր Մանուկ Հովսեփյանը: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել:

Հայաստանից մեկնած եւ տարանցմամբ Բելառուսում վայրէջք կատարած օդանավում ռադիոակտիվ սարքավորում հայտնաբերելու մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Հիշեցնենք, որ մեղադրանքը հնչեցրել էր Ալեքսանդր Լուկաշենկոն, բայց Բելառուսի նախագահը, հավանաբար, «մոռացել» է հիշատակել, որ օդանավը բելառուսական ընկերության է պատկանել: Հայաստանի էներգետիկայի նախարարություն տեղեկացրել է, որ վերահսկիչ սարքավորումը դեռեւս 2016 թվականի հոկտեմբերին Հայաստան է առաքել խորվաթական «Ֆրիդ» ընկերությունը: Այն Երեւան է հասցրել բելառուսական «Aircompany Grodno» ընկերությունը՝ պարտավորվելով նույն կերպ սարքավորումը հետ առաքել: 2017-ի մարտի 15-ին բելառուսական ընկերությունը Երեւան-Գոմել չվերթի իրականացման հայցադիմում է ներկայացնել, չվերթի իրավունք ստացել: Նախարարությունում ընդգծել են, որ սարքավորման տեղափոխման գործընթացն իրականացվել է տրանսպորտային ընկերության հետ պայմանագրի, միջազգային կարգավորող կանոններին համապատասխան:

Կոտայքի մարզում մահվան ելքով վթար է տեղի ունեցել: «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Սեւան ավտոճանապարհի «Արծվի թեւերի» հատվածում դեպի Երեւան ընթանալիս բախվել է գովազդային սյանը, այնուհետեւ դուրս եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի։ Վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներից մեկը, սակայն, գիտակցության չգալով՝ մահացել է։

«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթում, ինչպես գիտենք, Հայաստանը ներկայացնելու է Արծվիկ Հարությունյանը: Բայց հնարավոր է, որ երգչուհուն թույլ չտան մասնակցել Կիեւում անցկացվող մրցույթին՝ Ղրիմ այցելության պատճառով: Ուկրաինայի անվտանգության ծառայություններն ուզում են ստուգել՝ երգչուհին եղե՞լ է Ղրիմում, թե՞ ոչ: Երկրի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ եթե պարզվի, որ Հարությունյանն իսկապես այցելել է Ղրիմ, ապա նրա մասով առանձին որոշում կկայացվի: Հավելենք, որ «Եվրատեսիլ»-ն անցկացվելու է մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում:

Մարտի 21-ին դոլարի անկումը կանգ է առել, իսկ եվրոն եւ ռուբլին թանկացել են: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 521, ռուբլունը՝ 8 դրամ 46 լումա, ֆունտինը՝ 602 դրամ:

Մարտի 22-ի հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, լեռնային եւ նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0+2, ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ