Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԵՏՄ հաջորդ գագաթնաժողովն անցկացնել այս տարվա հոկտեմբերին՝ Մոսկվայում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում նա նշել է, որ ԵՏՄ պայմանագրի կատարելագործումը չպետք է համընկնի տարվա վերջին «տեխնիկական ուղղումների» հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բելառուսի նախագահն առաջարկել է 2017 թվականը բեկումնային դարձնել ԵՏՄ համար, եւ այդ նպատակով, նրա կարծիքով, պետք է մի շարք առաջնահերթ միջոցառումներ ձեռնարկել: «Մենք պետք է մորատորիում կիրառենք նոր իրավական ակտերի ընդունման հարցում, որոնք խտրական բնույթ են կրում Միության գործընկերների նկատմամբ: Դրա պահպանմանը պետք է հետեւի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը»,- ասել է Լուկաշենկոն:

Նա նաեւ առաջարկել է հերթական նիստում զեկույց ներկայացնել ԵՏՄ ներքին շուկայում սահմանափակումների եւ խոչընդոտների մասին: