Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանության է արժանացրել Մոլդովային ԵՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելը: Այս մասին խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք նեղ շրջանակներում քննարկել ենք Մոլդովայի Հանրապետության դիմումը` Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու մասին: Եւ Եվրասիական  բարձրագույն տնտեսական խորհուրդը նեղ շրջանակներում որոշում է ընդունել` ողջունել ու աջակցել ԵՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Մոլդովայի Հանրապետության մտադրությունը», — ասել է Աթամբաեւը:

Նախագահի խոսքով` հերթական նիստի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կներկայացնի Մոլդովայի համար այդ կարգավիճակի իրացման կարգը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն խորհրդի նիստին մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: