News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ովքե՞ր են ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում խորհրդարան անցել, բայց հրաժարվել պատգամավորական մանդատից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակել է ինքնաբացարկի դիմում ներկայացրածների ցանկը. նրանք Հանրապետական, Դաշնակցություն կուսակցություններից եւ «Ծառուկյան» դաշինքից են:

ՀՀԿ-ում մանդատից հրաժարվել է 9 մարդ, հիմնականում նրանք, ովքեր ներկայում գործադիրում որեւէ պաշտոն են զբաղեցնում: Նրանց թվում են պաշտպանության եւ մշակույթի նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Արմեն Ամիրյանը, Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը, Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը: Մանդատից հրաժարվել է նաեւ Արտակ Զաքարյանը, որը, ինչպես հայտնի է, պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակվելու: Հետաքրքիր է, որ կառավարության կազմից արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը չի հրաժարվել մանդատից, Ազգային ժողովում տեղի կունենա նաեւ Արա Բաբլոյանը, որը, ավելի վաղ հրապարակված տեղեկությունների համաձայն, որոշել էր դիվանագիտական կարիերա սկսել:

«Ծառուկյան» դաշինքում թեկնածուների ընտրությունը հաստատեց օրեր շարունակ շրջանառվող լուրերը, որ Գագիկ Ծառուկյանը միանձնյա է որոշում՝ ո՞վ պետք է գնա խորհրդարան եւ անցողիկ տեղերում հայտնվածներին ստիպում է ինքնաբացարկ հայտնել: Մանդատից հրաժարվածների թիվն այստեղ տպավորիչ է՝ 23 մարդ: Նրանց թվում են Արարատ Զուրաբյանը, Արթուր Մամոյանը, ԲՀԿ-ի հնաբնակ Լյովա Խաչատրյանն ու նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը:

ՀՅԴ-ից մանդատից հրաժարվել է ընդամենը երեքը՝ Դավիթ Լոքյանը, Լեւոն Մկրտչյանը եւ Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ Հանրապետականի հետ կոալիցիա կազմելուց հետո այս գործիչները նախարարի պորտֆել ստացան: Ամենայն հավանականությամբ՝ Դաշնակցությունը նախատեսում է, որ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո այս եռյակը նորից կառավարության կազմում կհայտնվի:

«Դեմ եմ հանրապետականին» նախաձեռնությունը Զարուհի Փոստանջյանին ու Նիկոլ Փաշինյանին կոչ է անում միավորվել: Այդ դեպքում, ըստ նախաձեռնության հայտարարության, մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն չի հաղթի Երեւանի ավագանու ընտրություններում:

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարը, սակայն, չի պատրաստվում միանալ «Ելք»-ին: Պարզաբանում է. ծրագրային լուրջ տարբերություններ ունեն, բայց ավագանիում մեծամասնություն կազմելու դեպքում պատրաստ են համագործակցել նրանց հետ:

Զարուհի Փոստանջյանը նաեւ կարծում է, որ Տարոն Մարգարյանի գնացքը վաղուց գնացել է: Մրցակցին նաեւ խորհուրդ ունի. առաջարկում է կարդալ Ջորջ Օրուելի «1984»-ը: Փոստանջյանն այսօր թիմակիցների հետ Սարի թաղում էր: Անցյալ տարվա հուլիսի դեպքերն է հիշել, շնորհակալություն հայտնել սարիթաղցիներին՝ իրենց պաշտպանելու համար: Այստեղ քաղաքապետի թեկնածուին շատերն են աջակցություն հայտնել:

Իսկ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում արդեն երկրորդ անգամ ստիպված է լինում ոստիկանություն ահազանգել եւ հաղորդում տալ իրավախախտի մասին: Այս անգամ միջադեպ է տեղի ունեցել Էրեբունիում քարոզչության ժամանակ: «Ելք»-ի անդամները բակերից մեկում չթույլատրված վայրում արագ երթեւեկող մեքենա են նկատել: Փաշինյանը տեղում ոստիկանություն է զանգել:

Գործող քաղաքապետն էլ այսօր Դավիթաշենում էր: Լրագրողները Տարոն Մարգարյանին հարցրել են վերջին օրերին մրցակիցների կողմից իր հասցեին հնչող տարբեր քննադատությունների մասին: Նիկոլ Փաշինյանը նրան մեղադրել էր կողմնակալության մեջ՝ նշելով, որ Մարգարյանի հարազատ Ավան վարչական շրջանում, մասնավորապես, վերելակային տնտեսության սպասարկման համար մեկ վերելակի հաշվարկով քաղաքապետարանը 620.000 դրամ է ծախսել, իսկ Շենգավիթում այդ նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 1400 դրամ։ Տարոն Մարգարյանը հակադարձել է. այդ հաշվարկը տնտեսագիտական փորձի պակասի արդյունք է: Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաեւ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ժամանակին իր ծննդյան տարեդարձին հորից նվեր է ստացել Ավանի թաղապետի պաշտոնը

Այսօր հողին են հանձնել Արցախի հերոս Քյարամ Սլոյանի հորը՝ Քյալաշ Սլոյանին: Սլոյանների հարազատներն ու համագյուղացիներն ասում են՝ հայրը Քյարամի կորստի վշտից մահացավ: Որդու զոհվելուց հետո երկու անգամ սրտի կաթված է տարել, պարբերաբար բուժում ստացել հիվանդանոցում, բայց՝ անօգուտ:

Քյալաշ Սլոյանի առողջական վիճակը վերջնականապես վատացել է Քյարամի ծննդյան օրը՝ ապրիլի 27-ին: Հիվանդանոց տեղափոխվելուց երկու օր անց էլ մահացել է: Քյարամի եղբայրը՝ Համիկ Սլոյանն ասում է, որ հայրը չափազանց ծանր վիճակում է հայտնվել, երբ Քյարամի գլխատված դին է տեսել: Քյարամ Սլոյանը զոհվել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրերին: Ադրբեջանցի զինվորները նրան սպանել են ու գլխատել, իսկ հետո երիտասարդի գլուխը բռնած լուսանկարվել ու նկարները տարածել համացանցում:

Հայկական շուկայում ադրբեջանական խնձորի հայտնվելու փաստով քրեական գործ է հարուցվել: Պարզվել է, որ մեծ աղմուկ բարձրացրած ադրբեջանական խնձորների խմբաքանակը Հայաստան է ներկրվել ապօրինի ճանապարհով: ԱԱԾ-ն փորձում է բացահայտել մաքսանենգությանն առնչվող անձանց եւ պարզել ապօրինի ներկրման հանգամանքները:

Պետեկամուտների կոմիտեի ղեկավարն էլ հանձնարարել է սահմանային բոլոր անցակետերում վերահսկողությունը խստացնել՝ նման երեւույթի կրկնությունը բացառելու նպատակով: Հիշեցնենք, որ Երեւանի եւ մարզերի մի շարք սուպերմարկետներում եւ շուկաներում ադրբեջանական խնձոր էին հայտնաբերել: Քաղաքացիներն էին ահազանգել, իսկ հայտնաբերված խմբաքանակն առգրավվել ու ոչնչացվել է:

Արագածոտնում ողբերգական վթար է տեղի ունեցել: Volvo մակնիշի բեռնատարը Երեւան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ մասամբ կողաշրջվել։ Վթարի հետեւանքով վարորդը՝ 51-ամյա Սեյրան Պապյանը, տեղում մահացել է։ Մեքենան բարձված է եղել ալյուրով:

Իսկ Արարատում մի երիտասարդ «ՎԱԶ 2106» մակնիշի մեքենայով պատահարի է ենթարկվել: Այգավան-Վանաշեն միջհամայնքային ճանապարհին 18-ամյա երիտասարդի վարած մեքենան  դուրս է եկել երթեւեկելի գոտուց, կողաշրջվել եւ ընկել ջրատար առուն: Տղային անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխել:

Մայիսի 2-ին արտարժույթի շուկայում գրանցվել են հետեւյալ փոխարժեքները. դոլարը 484 դրամ է, եվրոն՝ 529, ռուբլին՝ 8 դրամ 50 լումա, ֆունտը՝ 625 դրամ:

Մայիսի 3-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ