Ժողովրդագրական իրավիճակի էական եւ կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, նորընտիր Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ասաց Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, աղքատության կրճատման հիմնական ճանապարհը աշխատատեղերի ստեղծումն ու ձեռնարկատիրական ունակությունների իրականացման աջակցությունն է. «Աղքատության կրճատման հիմնական նպատակային ցուցանիշը աղքատների տոկոսն է ընդհանուր բնակչության թվում, եւ այդ ցուցանիշը առաջիկա 5 տարում առավելագույնը պետք է կազմի 18 տոկոս, իսկ 2040 թվականին՝ 7-8 տոկոս:

Պետք է շարունակաբար բարձրացնել աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության կառավարման համակարգի թափանցիկությունն ու բարելավել ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Աշխատավարձը պետք է լինի յուրաքանչյուր աշխատողի բարեկեցության հիմքը, ապահովի իր եւ իր ընտանիքի արժանապատիվ ապրելակերպը:

Այս նպատակով պետք է հետեւողականորեն գործել, որպեսզի նվազագույն աշխատավարձի եւ աղքատության վերին շեմի հարաբերակցությունը շարունակաբար աճի՝ հասնելով 190 տոկոսի մինչեւ 2022 թվականը եւ 300 տոկոսի՝ մինչեւ 2040 թվականը»:

Սերժ Սարգսյանը նշեց, որ կենսաթոշակառուները պետք է դուրս մնան սոցիալապես անապահով խավի շրջանակներից. մասնավորապես, պետք է հասնենք այն բանին, որ աշխատանքային կենսաթոշակի նվազագույն մակարդակը գերազանցի աղքատության վերին շեմը:

Անդրադառնալով ժողովրդագրական իրավիճակին երկրի նախագահն ասաց, որ առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի էական բարելավումը:

«Այս ուղղությամբ աշխատանքը կարելի է բաժանել երեք հարթության. 1) արտագաղթի դադարեցում, 2) ծնելիության բարձրացում եւ կյանքի տեւողության երկարացում, եւ 3) արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծում:

Անհրաժեշտ է յուրաքանչյուր նշված ուղղությամբ, իրականացված վերլուծությունների հիման վրա, այնպիսի միջոցառումների մշակում եւ իրականացում, որոնք ի տարբերություն նախորդ 25 տարիների, հաջորդ 25 տարիներին եւ հետագայում կապահովեն բնակչության թվաքանակի հնարավոր առավելագույն ավելացում:

Ժողովրդագրական իրավիճակի էական եւ կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»: