News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի պատգամավորներն այսօր արտահերթ նիստի էին հավաքվել: Քննարկումները մեկնարկեցին նախարարների թվի կրճատման հարցով: Գործադիրն առաջարկում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի քաղաքական պաշտոնը փոխարինել աշխատակազմի ղեկավարի հայեցողական պաշտոնով: Արդյունքում 19-ի փոխարեն 18 նախարար կունենանք: Նիկոլ Փաշինյանը փորձում է հասկանալ, թե ինչ է փոխվելու:

Փաշինյանը նաեւ կարծում է, որ կառավարության կառուցվածքում փոփոխություն է արվում, քանի որ նախագահն ու վարչապետը չեն կարողացել համաձայնության գալ, թե ում են նշանակելու այդ պաշտոնում: Վստահեցնում է. խաչաձեւ հարցաքննությունից հետո նույնիսկ զեկուցողներն են խոստովանել, որ պատճառը քաղաքական է:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունն էլ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ վիճաբանության առիթ դարձավ: Առաջարկվում է Հայաստանի տարածքում թվային ռադիոհեռարձակման անցնելու շրջանակում ռադիոհաճախականությունների նոր մրցույթներ հայտարարել: Ընդդիմադիր պատգամավորներին մտահոգում է այն, որ սրանով կարող է խախտվել խոսքի ազատությունը եւ որոշ անկախ ռադիոընկերություններ կտուժեն: Արման Սաղաթելյանը հակադարձեց. սա արվում է անվտանգության նկատառումներով: Սաղաթելյանի պարզաբանումը զայրացրեց Փաշինյանին: Պատգամավորը հորդորեց տեղի-անտեղի Թուրքիայի ու Ադրբեջանի մասին չխոսել, թե չէ ինքն էլ ամեն հարմար առիթով քառօրյա պատերազմի մասին կհիշի:

Էդուարդ Շարմազանովը չկարողացավ լռել. արտահերթ ելույթ ունեցավ, կողմերին հանդուրժողականության կոչ արեց, չմոռացավ նաեւ պատասխանել իշխանության մասին Փաշինյանի հայտարարությանը:

Եվ խորհրդարանականների կազմի փոփոխության մասին. «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը երեք նոր պատգամավոր ունի: Դաշինքից Ալիկ Եղիկյանն ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ այսօր ուժը կորցրած է ճանաչել նրա մանդատը: Եղիկյանի փոխարեն պատգամավորի աթոռին կհայտնվի Գեւորգ Պետրոսյանը, իսկ մանդատը վայր դրած Հարություն Ղարագյոզյանին՝ Կարամելի Հարութին Ազգային ժողովում կփոխարինի Հակոբ Նազարյանը, Խաչիկ Մանուկյանին՝ Նորա Առուստամյանը:

Ի դեպ՝ Գեւորգ Պետրոսյանի մասին. ԲՀԿ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ նա խնդիրներ ուներ: Զոհրաբյանը նրան նույնիսկ հեռացրել էր կուսակցությունից: Այս պայմաններում ինչպե՞ս է Պետրոսյանն Ազգային ժողովում աշխատելու Զոհրաբյանի հետ:

Երեւանում է պաշտոնավարման ժամկետն ավարտող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը: Շուտով գործունեությունը կավարտի նաեւ կազմակերպության երեւանյան գրասենյակը: Զանյերն ափսոսանք է հայտնել այդ առիթով. ասում է՝ Հայաստանի հետ հաճելի էր աշխատել: Բայց ԵԱՀԿ պաշտոնյան լավատես է. հույս ունի, որ կկարողանան Երեւանի հետ համագործակցության այլ ուղիներ գտնել:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը՝ վերջինը Հարավային Կովկասի տարածաշրջանում, կդադարի գործել օգոստոսի 31-ից: Պատճառն այն է, որ Ադրբեջանը, գրասենյակի կողմից իրականացվող ականազերծման ծրագրի պատրվակով, արգելափակեց գրասենյակի բյուջեն: ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, բայց Բաքվին տարհամոզել կառույցի նախագահությունն այդպես էլ չկարողացավ: Էդվարդ Նալբանդյանը հավաստում է, որ կազմակերպության անդամ երկրներն այս կապակցությամբ եզրակացություններ արդեն արել են:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, որում վերջապես նշվել էր հրադադարը խախտող կողմը. Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ հայտարարությունները, թեկուզ՝ հասցեական, արդեն արդյունք չեն տալիս: Հիմա, թերեւս, գործի անցնելու ժամանակն է: Եռանախագահները, ի դեպ, առաջիկա 10 օրերին Երեւան ու Ստեփանակերտ են այցելելու: Եթե առաջարկ հնչի, այդ ընթացքում կքննարկվի նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, հետո նաեւ նախագահների հանդիպման հարցը:

Մոսկվայի մարզում փոթորկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 16-ի. 11 մարդ մահացել է Ռուսաստանի մայրաքաղաքում, եւս 5 զոհ կա Մերձմոսկվայում: Այստեղ նաեւ 34 տուժած կա, Մոսկվայում տուժածների թիվը հստակեցվում է։ Ընդհանուր առմամբ, բուժհաստատություններ է դիմել 168 մարդ, 108-ը դեռեւս հիվանդանոցում է: 8 անձի վիճակը մասնագետները ծանր են գնահատում:

Երկուշաբթի Մոսկվայում մոլեգնած փոթորիկն ուղեկցվել է հորդառատ անձրեւներով եւ ամպրոպով: Քամու արագությունը վայրկյանում հասել է 28-30 մետրի: Բնության տարերքը նաեւ ավերածություններ է առաջացրել: Ավելի քան 27 հազար ծառ է տապալվել, բազմաթիվ մեքենաներ, բնակելի եւ վարչական շենքերի տանիքներ են վնասվել: Մոսկվայում վտանգի «դեղին» աստիճան է հայտարարվել, ինչը նշանակում է, որ եղանակային պայմանների հետ կապված արտակարգ իրավիճակներ կարող են լինել:

Չելյաբինսկում երեկ հայտնաբերված ազգությամբ հայ հոր եւ որդու մահվան մասին նոր տվյալներ են հայտնի: Ռուսաստանի հայերի միությունը տեղեկացրել է, որ մահացած տղամարդը Ալիկ Հակոբյանն է: Նա դեռ մեկ ամիս առաջ՝ մայիսի 1-ին 2 տարեկան որդու հետ զբոսնելու էր դուրս եկել ու անհետացել: Մայիսի 28-ին քաղաքի փողոցներից մեկում բնակիչները ՎԱԶ մակնիշի կասկածելի մեքենա են նկատել: Ավտոմեքենայի հետեւի նստարանին էլ հայտնաբերել են հոր եւ որդու մարմինները: Իրավապահների նախնական տվյալներով՝ դիակների վրա բռնի մահվան հետքեր չկան: Որոշ տեղեկություններով էլ՝ տղամարդը մահացել է թմրանյութերի չափաբաժինը չարաշահելու հետեւանքով: Այժմ փորձում են հաստատել այս վարկածը, ինչպես նաեւ պարզել փոքրիկի մահվան պատճառը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքերից մեկում կրակոցներ են հնչել: Ահազանգի հետքերով դեպքի վայր ժամանած իրավապահները շենքի բակում որսորդական հրացանից կրակված պարկուճ են հայտնաբերել, եւս մեկ պարկուճ էլ գտել են բնակարաններից մեկի մուտքի մոտ: Վնասվել է նաեւ բնակարանի պատուհանի պաշտպանիչ ցանցը, հավանաբար՝ դրսից արձակված կրակոցի հետեւանքով: Իրավապահները բերման են ենթարկել կասկածյալին. նա 52-ամյա Սամվել Միքայելյանն է:

Իսկ Երեւանի Հաղթանակ թաղամասում՝ նախկին «Օրբիտա» գործարանի մոտակայքում գտնվող կիսակառույցում հրդեհ է բռնկվել: Վտանգավորության «Բիս 1» աստիճան է հայտարարվել: Կրակը բռնկվել է էլեկտրական սարքերի վերանորոգման արտադրամասում: Հրշեջները կրակը կարողացել են մարել շուրջ երեք ժամում:

Դոլարն ու եվրոն մայիսի 30-ին էժանացել են: Ամերիկյան արժույթի փոխարժեքն արդյունքում կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 537, ռուբլունը՝ 8 դրամ 52 լումա, ֆունտինը՝ 619 դրամ:

Մայիսի 31-ին հանրապետության շրջանների որոշ հատվածներում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես երեկոյան ժամերին կարճատեւ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +15+17, ցերեկը՝ +29+31 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ