Ադրբեջանը դեմ է միջադեպերի հետաքննության մեխանիզմներին, որպեսզի եռանախագահներին կամ գործըթնացի այլ մասնակիցներին թույլ չտա կոնկրետ նշել, թե ով է խախտել հրադադարը։ Այս մասին մայիսի 30-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
ԱԳՆ ղեկավարը նշել է, որ եռանախագահների վերջին հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանին, եւ դա առաջին հասցեագրված հայտարարությունը չէ։ Նալբանդյանը հիշեցրել է, որ նախկինում էլ համանախագահները հանդես էին գալիս տարածաշրջանում իրադրությունը չսրելու կոչերով։ Համանախագահները կոչ են արել նաեւ հաստատել խաղաղ կարգավորման պատրաստակամությունը, զերծ մնալ միջնորդների հասցեին քննադատություններից եւ բանակցային գործընթացն այլ հարթություն չտեղափոխել։ Միջադեպերի հետաքննության մեխանիզմների հետ համաձայնելու կոչեր եւս հնչել են։
«Եւ եթե նույնիսկ հայտարարությունները ուղղակիորեն հասցեագրված չէին, պարզ էր, թե ում են ուղղված։ Հասկանալի է՝ ում են հասցեագրված հրադադարի ռեժիմը հարգելու կոչերը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ հայտարարություններ շատ են եղել, սակայն Ադրբեջանը ոչ միայն անտեսում է դրանք, այլ անում ճիշտ հակառակը։ Հասունանում է պահը, երբ համանախագահները պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլեւ կոնկրետ գործողությունների դիմեն՝ Ադրբեջանի ապակառուցողական գործողություններին վերջ դնելու համար, նշել է Էդվարդ Նալբանդյանը։





























