News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ 120 տարի անց լույս է տեսել Մ.Եկմալյանի Սուրբ Պատարագը:

Հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում կերտել է հարուստ, ինքնատիպ երաժշտություն, որի նուրբ հյուսվածքներում արեւմուտքի միտքն ու ավանդույթը շաղախված են արեւելյան խորհրդավոր հմայքով:

Մեր հոգեւոր երաժշտական ժառանգությունը հնագույններից է քրիստոնեական աշխարհում, իսկ ժողովրդական երաժշտության որոշ ինքնատիպ օրինակներ մեզ են հասել դեռեւս նախաքրիստոնեական ժամանակներից:

Ցավոք բազմազան ու մեծ պատմական եւ գեղարվեստական արժեք ներկայացնող այս երաժշտությունը գրեթե ներկայացված չէ միջազգային երաժշտասեր հանրությանը: Հատկապես վակուումային վիճակում է գտնվում հայ երաժշտության նոտաների ոլորտը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առ այսօր նոտաների համաշխարհային շուկայում հայ ազգային երաժշտությունը ներկայացնող նմուշներ գրեթե չկան:

Կոմիտասի, Մաշտոցի, Շնորհալու, Նարեկացու եւ մյուս հայ հսկաների հանճարեղ գործերը դեռեւս սպասում են համաշխարհային երաժշտական գրադարաններում իրենց արժանի տեղը զբաղեցնելուն:

Հաշվի առնելով այս ամենը` 2013 թվականին «Մշակութային Վերածնունդ» հիմնադրամի կողմից ձեւավորված աշխատանքային խումբը, որը բաղկացած է Հայաստանի առաջատար երաժշտագետներից, կոմպոզիտորներից եւ այլ պրոֆեսիոնալ երաժիշտներից, ստանձնեց ժողովրդական, աշուղական եւ հոգեւոր երաժշտության` ձեռագիր եւ նախկինում տպագրված նոտաների ուսումնասիրությունը: Արդյունքում ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները եւ սկսվեց դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը, ինչպես նաեւ ձեռնարկվեց հայերեն տեքստերի լատինատառ տրանսլիտերացիայի եւ ծանոթագրական նյութերի պատրաստումն ու դրանց անգլերեն թարգմանությունը: Այս ընթացքում շուրջ 3000 էջ նոտաներ թվայնացվեցին:

Շնորհիվ այս նախագծի` վերջապես, 100 տարի անց, ի կատար ածվեց Կոմիտաս վարդապետի ծրագիրը. լույս տեսավ իր կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին, որն անվճար հատկացվել է գրադարաններին, ուսումնական եւ հոգեւոր հաստատություններին, աշխարհասփյուռ հայ համայնքներին եւ այլն:

Հարյուրից ավելի մարդկանց արդյունավետ համագործակցության շնորհիվ ստեղծվեց առցանց երաժշտական ձայնադարան, տեսադարան եւ գրադարան` http://www.armenianmusic.am/ հասցեով, որտեղ զետեղված են հայ ժողովրդական, հոգեւոր եւ աշուղական երաժշտության հարյուրավոր գոհարներ` Հայաստանի լավագույն երաժիշտների բարձրաճաշակ ավտենտիկ կատարումներով: Բոլոր հոգեւոր եւ ժողովրդական ստեղծագործությունները ներկայացված են նաեւ համապատասխան նոտաներով:

«Մշակութային Վերածնունդ» հիմնադրամի աշխատանքային խումբն իրականացրել է ծրագրի երկրորդ փուլը: Համաշխարհային հանրությանը հասանելի տեսքով եւ ձեւակերպմամբ հրատարակվել են եւ հայ հոգեւոր երաժշտական կարեւորագույն մատյաններ: Առաջինը Մակար Եկմալյանի՝ երգչախմբի համար գրված Սուրբ Պատարագն է՝ եռաձայն արական, քառաձայն արական եւ քառաձայն խառը կազմերի համար, որն առաջին անգամ հրատարակվել է 1896 թվականին Լյայպցիգում: Այժմ, շուրջ 120 տարի անց, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ, Սուրբ Պատարագի բազմաձայնումը վերահրատարակվում է, նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան, լատինատառ տրանսլիտերացիայով (տառադարձությամբ), երաժշտագիտական նախաբանով, վերլուծություններով եւ դրանց անգլերեն թարգմանությամբ` հայ եկեղեցու գլխավոր ծեսի` այս կարեւորագույն նմուշը միջազգային հանրությանը եւ սփյուռքին հասանելի դարձնելու համար:

Այսպիսով, առաջին անգամ հայ հոգեւոր երգասածությունները հասանելի կդառնան աշխարհին եւ իրենց արժանի տեղը կզբաղեցնեն համաշխարհային հոգեւոր երաժշտության անդաստանում:

Այս նախաձեռնության գաղափարի հեղինակն է «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Արթուր Ջանիբեկյանը:

Լուսանկարները՝  Կարեն Խոնթյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ