News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Արտենի 1 հուշարձանը, որը գտնվում է Արագածի հարավ-արեւմտյան կիսաամայի լանջին՝ Թալին քաղաքի եւ Արտենի ավանի միջեւ, ճանապարհից չէինք էլ նկատի, եթե չլիներ կապույտ տաղավարը, որտեղ հնագետները երբեմն պատսպարվում են կիզիչ արեւից (ֆոտոռեպորտաժ):

Առաջին հայացքից այն  ուղղակի Թալինի սարահարթին բնորոշ լանդշաֆտի մաս էր կարծես եւ  դժվար էր ենթադրել, որ այն ձեռակերտ է: Դա մեզ ավելի ակներեւ ցույց տալու համար հայ-ֆրանսիական արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակից Իրենա Քալանթարյանը տանում է մեզ դեպի մի ոչ մեծ բլրակ, որտեղից հուշարձանը կարելի է վերեւից տեսնել:

Մեր աչքի առջեւ բացվում է ոչ մեծ սարահարթի վրա շրձանաձեւ աճած թփուտներով օղակված մի տարածք: Ինչպես Իրենա Քալանթարյանը պարզաբանեց, քանի որ այս տեղանքը քամոտ է, թփերն արմատներով քարերին են «կառչել», իսկ քարերը ոչ այլ ինչ են, քան շրջան կազմող պատաշար:

Ինչպես պատմում է Իրենա Քալանթարյանը, այս տարածքներում փաստագրվել են խիստ ինքնատիպ հնագիտական օբյեկտներ, որոնք ստացել են «անապատի օդապարուկներ՛ (Desert Kite) անվանումը: Սրանք զգալի երկարությամբ ձգվող քարաշարքերից կազմված երկու պատերով (անտենա) ինքնատիպ կառուցներ են, որոնք հատակագծում ունեն ձագարի ձեւ եւ պատերը մի ծայրում միանում են, հատման տեղում ստեղծելով փարախ հիշեցնող, հատակաձեւում աստղաձեւ, եռանկյունաձեւ, ուղղանկյուն կամ շրջանաձեւ կառույց (թագ): Թագի յուրաքանչյուր շողի ծայրում կան փոքրիկ աշտարակներ: Պատերի բարձրությունը տատանվում է 1-1.5մ մինչև 10 սմ, պատերի երկարությունը երբեմն հասնում է մի քանի հարյուր մետրի:

«Desert Kite» կառույցներ առաջին անգամ հայտնաբերվել են հյուսիսային Հորդանանում XX դարի կեսերին, հետագայում դրանք հայտնաբերվեցին հարավային եւ կենտրոնական Սիրիայում, Սինայի թերակղզում: Օդապարուկների հետ ունեցած նմանության եւ  անապատային վայրերում հանդիպման պատճառով էլ այդ կառույցները ստացել են իրենց անվանումը` Desert Kite: Այդ կառույցների նշանակությունը մինչեւ այժմ վերջնականապես պարզված չէ, բայց ավելի հավանական է, որ դրանք ծառայել են որպես որսորդական ծուղակներ, այծեղջերուների եւ այլ սմբակավորների որսի համար: Որսորդների շղթան կենդանիներին քշում էր աստիճանաբար նեղացող պատերի մեջ, որոնց ծայրին գտնվում էր աստղաձեւ կամ եռանկյունաձեւ փարախ-ծուղակը, որի աշտարակներին նստած էին մի քանի որսորդներ: Կարծիք կա, որ հնագույն Desert Kite–երը  հանդես են գալիս նախակերամիկական նեոլիթում (մ.թ.ա. 10-7 րդ հազարամյակներ)  եւ գոյատեւում են մինչեւ վաղ միջնադար:

2009թվականին երկրաբան Ա. Կարախանյանն այս Desert Kite–ի օրինակներ հայտնաբերեց նաեւ Հայաստանի տարածքում: 2011 թվականից հայ-ֆրանսիական համատեղ ծրագրով սկսվեցին վերոհիշյալ հուշարձանների սիստեմատիկ ուսումնասիրությունները:

Որպես կանոն, նշված որսորդական ծուղակներից ոչ հեռու հայտնաբերվում են բնակավայրեր, որոնք հնագիտական գրականության մեջ հայտնի են jellyfish (մեդուզա), wheel houses (անիվ բնակավայր) են կամ agglomerated houses (ագլոմերատիվ բնակավայր): Այս բնակավայրերը մեդուզա կամ անիվ են կոչվել, քանի որ վերեւից նման են ճաղերով անիվի կամ մեդուզայի: Մեր այցելած Արտենի 1 հնավայրը հայ-ֆրանսիական արշավախմբի կողմից հայտնաբերված այս տիպի բազմաթիվ բնակավայերից մեկն է:

Բնակավայրը շրջապատված է պատով, որն ամենայն հավանականությամբ պաշտպանական նշանակություն է ունեցել: Ներսից եւս այն պատերով բջիջների է բաժանված: Հնագետները փորձում են հասկանալ նման բաժանման գործառնական նշանակությունը, եւ, որն ամենակարեւորն է, պարզել հուշարձանի տարիքը: Վերին շերտերից վերցված նմուշների ռադիոածխածնային անալիզը ցույց է տվել, որ այն կարելի է թվագրել վաղ երկաթի դարով: Հուշարձանի շերտագրությունը ցույց է տալիս, որ վաղ երկաթի դարում այս տարածքը բնակեցվել է բուն «անիվ բնակավայրի» անկումից հետո: «Անիվի» փլուզված պատերից վերցված նմուշներն արդեն ավելի վաղ ժամանակաշրջանի` ուշ բրոնզի դարի մասին են վկայել: Սակայն հետազոտություններով պարզվել է, որ փլվածքներից ներքեւ մշակութային շերտերը շարունակվում են եւ ռադիոածխածնային անալիզով ստացված տարեթվերը վերաբերվում են  միջին բրոնզի դարի վաղ ենթափուլերին: «Սա Հայաստանի եւ ամբողջ Կովկասյան տարածաշրջանի համար շատ կարեւոր է: Որովհետեւ այս տարածաշրջանում միջին բրոնզի դարի վաղ փուլերում բնակավայրեր հայտնի չէին: Այս ժամանակաշրջանի ամբողջ մշակույթը մեզ դամբարաններից է հայտնի»,- ասում է նա` հավելելով, որ  պեղումների ընթացքում իրենք դեռեւս չեն հասել «մայր հողին», այնպես որ` հնարավոր են նաեւ ավելի վաղ գտածոներ:

Արդեն ներքեւում հնագետը մեզ ցույց է տալիս պեղված քառակուսիները եւ բացված կառույցները` կիսաշրջանաձեւ պատ, փոսեր, որտեղ կային կարբոնացված թրիքի մնացորդներ, քարաշար շրջանաձեւ օջախ, ինչպես նաեւ ոչ մեծ հոր, որի նշանակությունը դեռեւս հայտնի չէ:

Շերտերից մեծ քանակով կենդանիների ոսկորներ են գտնվում, խեցանոթների բեկորներ, որոնց մեծ մասը բնորոշ են միջին բրոնզի Թռեղք–վանաձորյան մշակույթին:

Այս ամենը խնամքով փաթեթավորվում է, համարակալվում` ինստիտուտ ուղարկելու եւ մանրամասն հետազոտելու համար:

Հնագետների ենթադրությամբ` բնակավայրը գոտեւորող շրջանաձեւ պատը պետք է մուտք ունենա: Սակայն պեղումներով այս ուղղությամբ դեռեւս ոչինչ չի հայտնաբերվել:

Հայերի հետ միասին այստեղ աշխատում են նաեւ ֆրանսիացի հնագետները: «Կովկաս առաքելություն» ծրագրի ղեկավար Բերանժե Պերելլոն (Berengere Perello) ասում է, որ առաքելության շրջանակում, որը ֆինանսավորում է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը, իրենք ուսումնասիրում են ե’ւ Հայսաստանի, ե’ւ ամբողջ Կովկասյան տարածաշրջանի  նախապատմությունն ու վաղ պատմությունը:

Մենք լիովին գիտակցեցինք, թե ինչու են թփերն այստեղ արմատներով քարերին կառչում, երբ քամու պոռթկումը պոկեց կապույտ պարուսինը, որի տակ պատսպարվել էինք` փորձելով մի բան ուտել եւ սուրճ խմել: Քամին ոչ միայն մեր պարուսինե տաղավարը պոկեց, այլեւ հողով ծածկեց մեր համեստ ճաշը:

Մեր բախտը բերեց, որ քամին չխափանեց դրոնով նկարահանումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Այստեղով է անցել Մեծ Մետաքսի ճանապարհը. հնագետը՝ Աղձքում (ֆոտո)
Այստեղ գտնվել է հին շատ թանկարժեք չինական հախճապակի, որն իրենց ունենալ կարող էին թույլ տալ միայն թագավորական տները…
Եզակի քարայրում պեղումները կարող են դադարեցվել ֆինանսավորման բացակայության պատճառով (ֆոտո)
Գետահովիտ քարանձավի հնագիտական արշավախմբի ղեկավար...
119 տարի առաջ Հայաստան ժամանեց առաջին գնացքը. ռեպորտաժ՝ Երկաթգծի թանգարանից (ֆոտո)
Թանգարանում հոգատարությամբ պահվում են երկաթուղային աշխատողների մասին զանգվածային...