News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի «գեղագիտական» հիմնական խնդիրներից մեկը եղել եւ մնում է աղբահանությունը:

Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ դրան բազմիցս անդրադարձել է կառավարությունը, գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետն առաջարկել է պատժել անգիտակից քաղաքացիներին, իսկ մայիսի 25-ի նիստում հանձնարարել է այդ ժամանակ դեռեւս տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանին երկամսյա ժամկետում առաջարկներ ներկայացնել աղբը չսահմանված վայրերում թափելու վերահսկողության հատուկ տեսուչների մասին:

Մինչդեռ, բազմաթիվ կոչերը եւ սպառնալիքները, ըստ երեւույթին, պատշաճ արդյունք չեն ունեցել, ինչն ակնհայտ տեսանելի է Երեւանի Շենգավիթի շրջանի օրինակով:

NEWS.am-ը հատուկ չի նշում հասցեները, որտեղ կատարվել են լուսանկարները, քանի որ երեւույթը զանգվածային բնույթ ունի: Եթե շրջանային թաղապետարանի պարոնայք պաշտոնյաներն իրենց աշխատասենյակները լքեն եւ իրենց նեղություն տան ոտքով քայլել իրենց վստահված շրջանում, ապա կկարողանան ամեն ինչ անձամբ տեսնել: Իսկ առայժմ թանկարժեք աշխատասենյակներից եւ ծառայողական մեքենաներից օգտվողներին իրավիճակի հետ ծանոթացնենք մի քանի օրինակներով:

Սա բազմաբնակարան շենքի ճակատամասն է: Շենքի արտաքին տեսքը հուշում է մաքրության եւ բարեկարգության մասին:

Բայց ահա նույն շենքը հակառակ կողմից: Լուսանկարներն ինքնին խոսուն են. աղբ, կեղտ, ամիսներով ընկած ժանգոտ խողովակներ, սնունդի նեխած մնացորդներ, նույն պատկերն է առաջին հարկի պատշգամբների տակ, նկուղները մշտապես ջրով են լցված: Նույնպիսի պատկեր է շենքի առջեւ, որտեղ, ամենայն հավանականությամբ, սիզամարգ էր նախատեսված: Իսկ այս ամենից ծանր գարշահոտություն է բուրում:

Իսկ ահա այն շենքը, որի մասին NEWS.am-ն արդեն գրել է: Հրապարակումից հետո նկուղների «պատուհանները» մաքրել են, սակայն ակցիան մեկանգամյա բնույթ է ունեցել:

Մանկական խաղահրապարակը գտնվում է թույլատրված «աղբարկղի» անմիջական հարեւանությամբ: Լեփ-լեցուն արկղեր, գարեջրի շշեր՝ այս ամենը նույնպես հանգստի եւ մանկական խաղահրապարակի գոտում են:

Իհարկե, այս բոլոր երեւույթների մեղավորն առաջին հերթին սովորական քաղաքացիներն են, որոնք համակերպվում են պատուհանների տակ աղբի բլուրների, գարշահոտության, մանկական խաղահրապարակում գարեջրի շշերի հետ: Բայց եթե ինչ-ինչ պատճառներով քաղաքացիների գիտակցությունը կոմայի վիճակում է, բոլոր մակարդակների իշխանությունների ուղղակի պարտականությունն է նվազագույնը սանիտարական նորմերի մասին մտահոգվելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ