News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության մեջ կասկածվողներից մեկին հայտնաբերել են: Ձերբակալվել է հետախուզվող կասկածյալներից 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը: Մյուս հետախուզվողներին՝ 35-ամյա Ալբերտ Բլբուլյանին եւ 33-ամյա Արմեն Կարադավիդովին շարունակում են որոնել: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով սպանվել է 43-ամյա Գարիկ Մոսինյանը, վիրավորվել՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը: Նրանք Ալավերդիից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ:

Գյուղատնտեսության ոլորտում այս տարվա առաջին ութ ամիսներին արձանագրված անկումն անհանգստացնում է վարչապետին: Վերջին տվյալներով՝ 2017 թվականի հունվար-հուլիսին այս ոլորտում անկումը կազմել է 2.1 տոկոս: Կառավարության այսօրվա նիստում Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել պատճառները:

Ազգային ժողովի պատգամավորներին էլ թույլ չեն տա ցանկացած պահի տեսակցել բանտարկյալներին, եթե, քննության շահերից ելնելով, քննիչը տեսակցությունների արգելք սահմանի: «Ելք»-ի պատգամավորներն առաջարկում էին, որ այդ արգելքը չտարածվի քրեակատարողական հաստատություններ առանց խոչընդոտի մտնելու իրավունք ունեցողների վրա՝ նախագահի, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի, պատգամավորների եւ այլ պաշտոնյաների: Գործադիրը, սակայն, ուսումնասիրել է առաջարկն ու որոշել. քննիչի արգելքի դեպքում, նախկինի պես, բանտարկյալին տեսակցելու իրավունք կունենան միայն մարդու իրավունքների պաշտպանը կամ քահանան:

Հայաստանի նախագահն արդեն չի կարողանա որոշել տեղեկությունները պետական գաղտնիք որակելու եւ դրանք այլ երկրներին փոխանցելու կարգը: Փոփոխված Սահմանադրության պահանջի համաձայն՝ այդ գործառույթը կփոխանցվի կառավարությանն ու խորհրդարանին

«Եվրանեսթ»-ի Խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով Բաքվում է նաեւ հայկական պատվիրակությունը: Համաժողովի ընդմիջմանը Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում միջադեպ է գրանցվել: Բաքվում ապրող լրագրող, տխրահռչակ «Խաղաղության պլատֆորմի» ներկայացուցիչ Սյուզան Ջաղինյանը փորձել է սադրանքի դիմել եւ խափանել ասուլիսը, բայց չի հաջողվել: Ի՞նչ սադրանքի մասին է խոսքը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեռեւս չեն մանրամասնում: Մինչ այդ նշենք, որ Սյուզան Ջաղինյանն Ադրբեջան է մեկնել 2016 թվականի վերջին: Այնտեղ նա մասնակցում է տարատեսակ միջոցառումների եւ ակտիվ քարոզչություն անում Հայաստանի իշխանությունների դեմ: Ի դեպ՝ ժամանակին անհայտ, բայց հիմա ճանաչում ձեռք բերած լրագրողը Հայաստանում դատապարտված է եղել՝ ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցնելու համար:

«Ժառանգություն»-ն այսօր նշել է հիմնադրման 15-ամյակը: Կուսակցության գրասենյակում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են «Ժառանգության» անդամները, ինչպես նաեւ «Ելք» դաշինքից Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը, դեսպանատների ներկայացուցիչներ: Հրավիրված է եղել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն նրանից պատասխան չեն ստացել: Հավաքին ներկա չեն եղել նաեւ «Ժառանգության» արդեն նախկին անդամներ Զարուհի Փոստանջյանը, Անահիտ Բախշյանը եւ Ստյոպա Սաֆարյանը: Նրանց բացակայության մասին հարցին Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ հստակ պատասխան չի տվել:

Փոխարենը կուսակցության առաջնորդը խոսել է 2018 թվականի ապրիլից հետո սպասվող զարգացումների մասին՝ նշելով, որ «Ժառանգություն»-ն ամեն ինչ անելու է, որպեսզի Սերժ Սարգսյանին թույլ չտա վարչապետ դառնալ: Հովհաննիսյանը խոստացել է. այդ հարցով նախաձեռնություններ իրենցից կարելի է սպասել արդեն այս տարեվերջին:

Թուրքիայի նախագահի՝ Նյու Յորք այցի ժամանակ կրկին միջադեպ է գրանցվել: Ամերիկայի Թուրքական ազգային կոմիտեի անդամների առջեւ Էրդողանի ելույթի ժամանակ մի քանի մարդ բողոքի ակցիա է կազմակերպել: Նրանցից մեկն Էրդողանին ահաբեկիչ է կոչել եւ պահանջել «դուրս կորչել իր երկրից»: Սեւ կոստյումներով տղամարդիկ ցուցարարին հեռացնել են դահլիճից՝ այդ ընթացքում նաեւ հարվածելով նրա դեմքին: Էրդողանի կողմնակիցներն էլ հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշուկ է սկսվել, ընդհանուր առմամբ, հինգ մարդ է տուժել: Ամերիկյան պետքարտուղարությունը դեռեւս տեղեկություն չունի, արդյո՞ք միջադեպին Թուրքիայի նախագահի թիկնազորն է մասնակցել: Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել մայիսին, Թուրքիայի նախագահի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ: Վերջինի թիկնազորը ծեծել էր ցույցի մասնակիցներին, ինչի հետեւանքով մեկ տասնյակից ավելի մարդ էր տուժել:

Երեւանում է Հայոց Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը: Նա երկրորդ անգամ է Հայաստան այցելել: Առաջին անգամ եկել էր՝ ֆիլմի համար ուսումնասիրություններ կատարելու, իսկ այսօր արդեն ժապավենն էկրաններին է: Ռեժիսորն իր ֆիլմը ստացված է համարում: Ասում է՝ բազմաթիվ մարդիկ ֆիլմը դիտելուց հետո զարմանքով նշել են, որ ոչինչ չգիտեին Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ այն մասին, որ Թուրքիայի կառավարությունը մինչեւ հիմա ժխտում է այդ փաստը: Նշանակում է՝ ասելիքը տեղ է հասել: Թերրի Ջորջն ընդգծել է, որ «Խոստում» ֆիլմի միջոցով փորձել են ուշադրություն հրավիրել փախստականների խնդրին, որն այսօր էլ արդիական է: «Այս ֆիլմը նկարել ենք ոչ թե մեկ ամսվա, այլ 100 տարվա համար»,- հավելել է ռեժիսորը:

Սեպտեմբերի 22-ին դոլարն աննշան աճել է, իսկ ֆունտը կտրուկ թանկացել է: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 478 դրամ, ֆունտինը՝ 648, եվրոյինը՝ 574 դրամ, ռուբլունը՝ 8 դրամ 31 լումա:

Սեպտեմբերի 23-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Բարձր հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +17+19, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ