News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 11-ին Սոչիում մեկնարկելու է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը: Դրան մասնակցելու են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Այս պահին, սակայն, պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, արդյո՞ք Ռուսաստանում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ որեւէ ձեւաչափով հանդիպում տեղի կունենա: Փորձագիտական շրջանակները, ամեն դեպքում, չեն բացառում նման հանդիպման հավանականությունը: Վերջին անգամ երկու երկրների նախագահները հանդիպել են 2016 թվականին Սանկտ Պետերբուրգում, Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Իսկ մինչ Սոչի մեկնելն Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին: Այս անգամ էլ նա հայտարարել է, թե բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է «առանց որեւէ նախապայմանի»՝ հավելելով, թե մինչեւ հիմա «Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»:

Հայաստանի նախագահի խոսնակը NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ներկայացրել է Ալիեւի հայտարարությանը Բաղրամյան 26-ի գնահատականը: Նախագահականում նշել են, որ «բանակցությունների գնալու՝ հայկական կողմի համաձայնությունը որեւէ կերպ չի նշանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեր դիրքորոշման փոփոխություն կամ հետքայլ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման հրամայականից», եթե, իհարկե, ադրբեջանական կողմը միջազգային այդ պայմանավորվածությունների կատարումն է համարում առաջ քաշված նախապայման: Բաքվում հնչած հայտարարությունը սադրանք որակելով՝ Բաղրամյան 26-ում նշել են, որ «մեզ հունից հանելու փորձերը ի սկզբանե ձախողված են. մենք հանձնառու ենք ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով»: Իսկ Ադրբեջանը, թերեւս, ցանկանում է պարզապես պատրանք ստեղծել, թե բանակցություններում հանդես է գալիս թելադրողի դիրքերից, եւ խուսափել ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու պատասխանատվությունից:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը նոր նախագահ ունի: Վեհաժողովի ղեկավար է ընտրվել Ստելլա Կիրիակիդեսը: Հոկտեմբերի 10-ին կայացած քվեարկության 3-րդ փուլում Կիպրոսի ներկայացուցիչը ստացել է պատվիրակների ձայների մեծամասնությունը: Այդ պաշտոնին առաջադրվել էր նաեւ լիտվացի Էմանուելիս Զինգերիսը: Նշենք, որ ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտն անցյալ շաբաթ հրաժարական էր տվել: Ավելի վաղ Ագրամունտին հեռացրել էին նաեւ ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցությունից:

Հայաստանում այսօր ռեկորդային՝ 5.4 կգ քաշով երեխա է ծնվել: Գյումրիի ծննդատանը լույս աշխարհ եկած տղային Արամ են կոչել: Փոքրիկ հսկան ծնվել է բնական ճանապարհով, մայրն ու երեխան լավ են զգում իրենց: Արամը 31-ամյա Ամալյա Շախոյանի երրորդ երեխան է: Ավագ որդին ու դուստրը նույնպես խոշորամարմին են եղել՝ 4.2 եւ 4.7 կգ, եւ նույնպես բնական ճանապարհով են ծնվել: Նշենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին էլ Տավուշի Աչաջուր համայնքում 5.2 կգ քաշով երեխա էր ծնվել. տղային Տիգրան են կոչել՝ ի պատիվ  Տիգրան Մեծի: Իսկ աշխարհում ամենամեծ քաշով ծնված երեխան, որի մասին պաշտոնական տվյալներ կան, 10.2 կգ է կշռել: 1955 թվականին տղային Իտալիայում լույս աշխարհ է բերել Կարմելինա Ֆեդելեն:

Նոր Նորքի հանրակացարանի բնակարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Կրակը մոխրակույտի է վերածել ամբողջ տունը: Փրկարարները տարհանել են շենքի 16 բնակիչների: Հրդեհից երկու բնակիչ ծխահարվել է, բարեբախտաբար՝ նրանց հոսպիտալացման կարիք չի եղել: Առայժմ հայտնի չէ, թե ինչից է բռնկվել հրդեհը:

Նուբարաշենի հոգեբուժարանում հիվանդը բռնություն է կիրառել բժշկի նկատմամբ: Զննության ժամանակ նա հարձակվել է բժշկի վրա եւ մարմնական վնասվածք պատճառել: Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ընդունարանում: Բժշկի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ կասկածվողը հոգեբուժական կենտրոն էր տեղափոխվել՝ դատահոգեբուժական փորձաքննության ենթարկվելու համար: Ի դեպ՝ հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ Հայաստանում հոգեկան շեղումներով 52.129 հիվանդ կա, որոնցից 22.636-ը բուժում է ստանում եւ դիսպանսերային վերահսկողության ներքո է: Հիվանդների 30 տոկոսի մոտ շիզոֆրենիա է ախտորոշվել, շուրջ 20 տոկոսի մոտ՝ մտավոր հետամնացություն: Տարածված են նաեւ դեպրեսիաները: ԱՀԿ մասնագետների կանխատեսմամբ՝ մինչեւ 2020 թվականը դրանք կարող են տարածվածությամբ առաջին տեղում հայտնվել: Հետաքրքիր է նաեւ, որ հոգեկան շեղումներ ավելի շատ տղամարդկանց մոտ են գրանցվում:

Կիեւում գտնվող Թուրքիայի նախագահը զավեշտալի դրության մեջ է հայտնվել: Ուկրաինացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ Էրդողանը քնել է: Հրապարակված կադրերում երեւում է, որ մինչ Պյոտր Պորոշենկոն խոսում է, Էրդողանը հորանջում է, փորձում է ապարդյուն պայքարել քնելու ցանկության դեմ, բայց ի վերջո փակում է աչքերը: Թուրքական աղբյուրները փորձել են արդարացնել երկրի նախագահին՝ նշելով, որ նա չափազանց հոգնած է եղել:

Հոկտեմբերի 10-ին դոլարը շարունակել է ամրապնդել դիրքերը, ավելի քան 3.5 դրամով թանկացել են նաեւ եվրոն եւ ֆունտը: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 479 դրամ, եվրոյինը՝ 566, ռուբլունը՝ 8 դրամ 28 լումա, ֆունտինը՝ 633 դրամ:

Հոկտեմբերի 11-12-ը հանրապետության հյուսիսում, 13-ի գիշերը՝ շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես երեկոյան ժամերին տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +21+23 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ