News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պարտադիր զինծառայությունից խուսափած երիտասարդները քրեական հետապնդման չեն ենթարկվի, բայց ստիպված կլինեն 3 մլն 600 հազար դրամ վճարել. բաց թողած յուրաքանչյուր զորակոչի համար՝ 200 հազար դրամ: Ազգային ժողովն այսօր միաձայն քվեարկել է համապատասխան օրենքում փոփոխությունների օգտին: «Ելք»-ը, սակայն, կողմ է քվեարկել պայմանով, որ երկրորդ ընթերցման ժամանակ կառաջարկի նվազեցնել տուգանքի չափը կամ ընդհանրապես հանել այն: Պաշտպանության նախարարությունը, ի դեպ, առաջարկել էր այլեւս թույլ չտալ գումար վճարելով խուսափել զինծառայությունից: Առաջարկը, սակայն, մերժվել է: Փոփոխության կողմնակիցները հույս ունեն, որ երիտասարդներն առանց պատասխանատվությունից վախենալու հայրենիք կվերադառնան:

Իսկ Քրեական օրենսգրքով բժիշկների նկատմամբ բռնություն կատարողների պատիժը խստացնելու նախագծի շուրջ քննարկումը բավական թեժ է անցել: Փոփոխության ընդդիմախոսները դեմ են օրենսգրքում առանձին մասնագիտության համար պատասխանատվություն նախատեսելուն: Նաիրա Զոհրաբյանը դեմ է բժիշկներին առանձնացնելուն, հատկապես, որ ոլորտում բազմաթիվ անբարեխիղճ մասնագետներ կան: Պատգամավորը նույնիսկ լրագրողական անցյալն է հիշել՝ նշելով, որ ինքն էլ առաջարկելու է լրագրողների նկատմամբ բռնությունների մասին կետ ավելացնել:

Մասնագիտությամբ բժիշկ խորհրդարանի խոսնակը նեղացած տոնով է արձագանքել: Արա Բաբլոյանը հասկանում է, որ մարդիկ բժշկի են դիմում դժվարին ու ծանր հոգեբանական վիճակում, բայց դա, նրա կարծիքով, չի նշանակում, որ կարելի է ծեծել բժշկին: Նախագիծը, ամեն դեպքում, ընդունվել է 55 կողմ, 2 դեմ եւ 23 ձեռնպահ ձայնով: Ուշագրավ է, որ դեմ քվեարկողները հանրապետական պատգամավորներ էին՝ Արթուր Գեւորգյանն ու Միհրան Պողոսյանը։

Հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը կրկին փակուղում է հայտնվել: Պատճառը ղարաբաղյան հիմնախնդիրն է: Պաշտոնական Երեւանն ու Բաքուն դեռեւս համաձայնության չեն եկել հակամարտությանը վերաբերող ձեւակերպումների շուրջ:

Բրյուսելում մտահոգված են, քանի որ նույն իրավիճակն է եղել նաեւ 2015 թվականին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվել է մասնակցել գագաթնաժողովին, իսկ այդ երկրի արտգործնախարարը ժամեր շարունակ չէր ստորագրում հռչակագիրը: Եվրամիությունում մտավախություն ունեն, որ պատմությունը կարող է կրկնվել: Դրանից խուսափելու համար Բրյուսելում որոշել են անվանական չառանձնացնել որեւէ հակամարտություն: Ենթադրվում է, որ այս անգամ կբավարարվեն միայն հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու կոչով: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր խուսափել է մեկնաբանել գագաթնաժողովի հռչակագրի բովանդակությունը: Բանակցությունները, նախարարի խոսքով, դեռ շարունակվում են: Ասում է՝ այս դեպքում խոսքն ավելի շուտ ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ Ադրբեջանի եւ եվրոպական կառույցների մոտեցումների տարբերության մասին է: Իսկ ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մշտապես աջակցում է համանախագահ երկրների ջանքերին:

Ադրբեջանում երկու օրվա ընթացքում երրորդ երկրաշարժն է գրանցվել: Նոյեմբերի 17-ին 4.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ադրբեջանական Աղջաբադ քաղաքից 20 կմ հեռավորությամբ: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Նոյեմբերի 16-ի երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.4 մագնիտուդ: Ստորգետնյա ցնցումները զգացվել նաեւ Հայաստանում եւ Արցախում: Իսկ նոյեմբերի 15-ի երկրաշարժի հետեւանքով Ստեփանակերտում տուն է վնասվել: Տանը ոչ ոք չի եղել. 70-ամյա սեփականատերը տարեցների ինտերնատում է բնակվում: Ստորգետնյա ցնցումների հետեւանքով վնասվել էր նաեւ Տիգրանակերտի ամրոցի՝ 1970 թվականին կառուցված մասը:

Սերգեյ Մինասյանն ի վերջո դեսպանի պաշտոն ստացավ: Նախագահի հրամանագրով քաղաքագետը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան: Տեւական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Մինասյանը դեսպան է նշանակվելու հարեւան Վրաստանում: Այս մասին գրվում էր որպես որոշված փաստի մասին, սակայն վրացական կողմը երկար ժամանակ ձգձգում էր ագրեմանի տրամադրումը: Ի վերջո Թբիլիսին որոշեց չընդունել Սերգեյ Մինասյանին: Նրա փոխարեն Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը:

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսն ամուսնացել են: Ամերիկահայ գործարարի եւ ամերիկացի թենիսիստուհու հարսանիքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին Նյու Օռլեանում: Հյուրերի թվում բազմաթիվ հայտնիներ են եղել, իսկ հարսանիքի համար զույգն ավելի քան 1 մլն դոլար է ծախսել: Նշենք, որ Reddit կայքի համահիմնադիր Օհանյանն ու «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Ուիլյամսն ամիսներ առաջ դուստր են ունեցել, որին Ալեքսիս Օլիմպիա են կոչել: Հավելենք, որ 36-ամյա Սերենան աշխարհի ամենահարուստ մարզիկներից է համարվում, իսկ 34-ամյա Ալեքսիսը երկու տարի անընդմեջ ներառվել է Forbes-ի ՏՏ ոլորտի վարկանիշում՝ որպես տեխնոլոգիական աշխարհի ազդեցիկ ներկայացուցիչ:

Դոլարը շարունակում է արժեզրկվել: Նոյեմբերի 17-ին դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 574, ռուբլունը՝ 8 դրամ 17 լումա, ֆունտինը՝ 644 դրամ:

Նոյեմբերի 18-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին՝ անձրեւ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ