News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԵՏՄ-ից դուրս գալու հարցով խորհրդարանական լսումներն այսօր բավական հանգիստ մթնոլորտում են անցել: Լսումները նախաձեռնել էր «Ելք» խմբակցությունը, որը նախկինում նույնպես փորձել էր այս հարցը խորհրդարանի օրակարգ մտցնել, սակայն չէր հաջողել:

Շուրջ 4 ժամ տեւած լսումների ժամանակ ԵՏՄ-ից դուրս գալու կողմնակիցները փաստեր են ներկայացրել՝ փորձելով հիմնավորել, թե որքան սխալ էր այդ միության հետ համաձայնագիր կնքելը: Օրինակ՝ ԵՏՄ-ին անդամակցության 3 տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմի ներդրումները Հայաստանում այս տարի գրեթե զրոյական են: «Ելք»-ի անդամները նաեւ հիշեցրել են 900 անուն ապրանքի թանկացման մասին, որովհետեւ հունվարի 1-ից գործելու է միասնական տուրքի համակարգը:

Ընդդիմադիրներն առաջարկել են հրաժարվել ԵՏՄ-ին անդամակցությունից եւ խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, որի հետ օրեր առաջ Հայաստանը ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Հնչեցված քննադատություններին ի պատասխան՝ Հանրապետական խմբակցության պատգամավորները հիշեցրել են. ԵՏՄ-ն համապատասխանում է Հայաստանի քաղաքական օրակարգին, իսկ ԵՄ-ի հետ կնքված նոր համաձայնագիրն ապացուցեց, որ Հայաստանի իշխանությունների «ե՛ւ, ե՛ւ»-ի քաղաքականությունն արդարացրեց բոլոր սպասումները:

Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատավարությունն ավարտվեց. վաղը դատարանը հրապարակելու է դատավճիռը: Իսկ այսօրվա դատական նիստին խոսել է Սամվել Բաբայանը: Նա հիշեցրել է գործով ցուցմունքներից մի քանի մանրամասներ՝ պնդելով, որ «Իգլա»-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը։

Բաբայանն անդրադարձել է նաեւ դատախազի՝ մեղադրական ճառում արտահայտված տարակուսանքին, թե ինքն «Իգլան» չի տարբերում «տրուբայից»: Հեգնել է. այն ժամանակ Արամ Արամյանը, երեւի, փոքր է եղել, չգիտի, թե իր ղեկավարած օպերացիաների ժամանակ քանի անգամ են «Իգլա»-ով ինքնաթիռ եւ ուղղաթիռ խփել: Ինչ վերաբերում է փողերի լվացման մեղադրանքին. Բաբայանը պնդել է, որ քրեական տարր պարունակող որեւէ քայլ չի կատարել: Իրեն պարտք են եղել, ուղարկել են: Այո, այդ հարցով գործ հարուցվել է, բայց հենց սկզբից ոչ ոք կասկած չի հայտնել, որ դա իր գումարն է: Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ անօրինական ճանապարհով Վրաստանից Հայաստան «Իգլա» տեսակի զինահրթիռային համալիրի խողովակ տեղափոխելու, ինչպես նաեւ փողերի լվացման մեջ։

Ռուսաստանի Արմավիր քաղաքի ռեստորանում հրաձգություն է տեղի ունեցել: Միջադեպի հետեւանքով 3 մարդ է զոհվել, այդ թվում՝ Ռոսգվարդիայի մեկ աշխատակից ու տեղացի գործարար, որոշ տվյալներով՝ քրեական հեղինակություն Անդրեյ Սարայանը: Ըստ տեղեկությունների՝ Ռոսգվարդիայի գնդապետ Պյոտր Լոմակինը փորձել է բաժանել վիճաբանության մասնակիցներին, սակայն զոհվել է արձակված կրակոցից: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ վեճը ծագել է կնոջ պատճառով եւ վերածվել հրաձգության: Վիճաբանության 4 մասնակիցներից 3-ը զոհվել են, իսկ չորրորդը՝ Անդրեյ Սարայանի ընկեր Մուխթար Մալսյուգենովը, փախուստի է դիմել: Նրան որոնում են:

Երեւանում նոյեմբերի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. կեսգիշերն անց դանակահարված 4 երիտասարդներ հիվանդանոց են տեղափոխվել: Բուժհաստատություն են տեղափոխվել Գյումրու 24-ամյա բնակիչ Նորայր Պետրոսյանը, Երեւանի 24-ամյա բնակիչ Հրաչ Սարգսյանը, Արագածոտնի Վերին Սասնաշեն գյուղի 25-ամյա բնակիչ Հակոբ Մարտիրոսյանը եւ Կոտայքի Զովունի գյուղի 24-ամյա բնակիչ Արթուր Ավագյանը: Պարզվել է, որ վիճաբանություն է տեղի ունեցել, երիտասարդներին դանակահարողը ներկայացել է ոստիկանություն: 22-ամյա Վիգեն Ա.-ն խոստովանել է, որ իրենց շենքի բակում ծագած վիճաբանության ժամանակ ինքն է դանակահարել տուժածներին: Նա ձերբակալվել է:

Թբիլիսիում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը: Այս տարի այն անցկացվում էր «Շողա պայծառ» նշանաբանի ներքո: Մրցույթի հաղթող ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Բոգուսեւիչը՝ «Թեւեր» երգով: Երկրորդ տեղը զբաղեցրեց Վրաստանը, երրորդը՝ Ավստրալիան: «Մանկական Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանը ներկայացնում էր 9-ամյա Միշան՝ «Բումերանգ» երգով: Փոքրիկ երգիչը 148 միավոր վաստակեց եւ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Նշենք, սակայն, որ քվեարկության արդյունքների հաշվարկի ընթացքում որոշակի խնդիրներ են առաջացել: Բանն այն է, որ այս տարի առաջին անգամ առցանց քվեարկելու իրավունք ուներ նաեւ հանդիսատեսը: Ընդ որում՝ կարելի էր քվեարկել նաեւ սեփական երկրի ներկայացուցչի օգտին, իսկ քվեները հաշվվել են 50/50 սկզբունքով: Առցանց քվեարկության հետ կապված խնդիրներ են եղել, բայց դա Եվրոպական հեռարձակողների միությանը չի խանգարել ձայների հաշվարկ կատարել: Ժյուրիի քվեարկությամբ Միշան հայտնվել է երրորդ հորիզոնականում, բայց, փաստորեն, հանդիսատեսի ոչ բոլոր քվեներն են գրանցվել: Հավելենք նաեւ, որ այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցում էին պատանի կատարողներ 16 երկրից:

Դոլարն ու եվրոն դեռեւս ամրապնդում են դիրքերը: Նոյեմբերի 27-ին դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 577, ռուբլունը՝ 8 դրամ 22 լումա, ֆունտինը՝ 646 դրամ:

Նոյեմբերի 28-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -5-7 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ