News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Կարեն Կարապետյանը դժգոհ է բժշկասոցիալական փորձաքննությունների հանձնաժողովների աշխատանքից: Կարծում է, որ դրանց գործունեության մեջ սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը մեծ է, բացի այդ՝ թափանցիկ ու կանխատեսելի չէ հաշմանդամության խմբի որոշման կարգը: Կառավարության այսօրվա նիստում խնդրի լուծման նպատակով առաջարկներ ներկայացնելու համար վարչապետը մեկ ամիս ժամանակ է տվել: Կարապետյանը դժգոհություն ունի նաեւ բնապահպանության նախարարության աշխատանքից: Արձանագրել է, որ շրջակա միջավայրի մոնիթորինգի մասին հաշվետվություններում ոչինչ չի փոխվում. խնդիրները ֆիքսում են, բայց ոչինչ չի արվում

Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն է տվել «Ելք»-ի եւս մեկ օրենսդրական նախաձեռնության. խմբակցության պատգամավորներն առաջարկել էին վերանայել բենզինի, դիզելային վառելիքի եւ սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափն ու վերադառնալ նախկին դրույքաչափերին: Ֆինանսների նախարարը կարծում է, որ դա բացասական զարգացումների կհանգեցնի:

Շավարշ Քոչարյանից էլ լրագրողները հետաքրքրվել են, թե որքանով է հավանական ԱՄՆ-ի կողմից Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը: Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի կառավարությանը զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական նշանակալի գործարքներ կնքելու պարագայում, հնարավոր է, պատժամիջոցների հարց առաջանա: Պաշտոնյան վտանգը չափազանցված է համարում, բայց դա, ըստ նրա, չի նշանակում, որ պետք է անուշադրության մատնել խնդիրը:

Հավելենք նաեւ, որ վաղը Կարեն Կարապետյանը երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա է մեկնելու. հանդիպելու է հայ եւ ռուս գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, նաեւ մասնակցելու է «Գազպրոմ»-ի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ խմբակցության կողմից առաջադրված վարչապետի թեկնածուն, հնարավոր է, ինքը լինի: Այսօր խորհրդարանում նա լրագրողներին ասել է, որ հարցը խմբակցությունում դեռ պետք է քննարկվի, հետո միայն վերջնական որոշում կայացվի: Նշենք, որ Հայաստանի վարչապետի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 17-ին: Խորհրդարանական խմբակցությունները դեռ թեկնածուներ չեն առաջադրել:

Ադրբեջանը որոշել է քննարկել գերեվարված քաղաքացիների փոխանակման հնարավորությունը: Բաքվում նշել են, որ հայկական կողմը գերիների փոխանակման առաջարկ նախկինում էլ արել է, հիմա իրենք պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ: Միաժամանակ, ադրբեջանցի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ շարունակում են ջանքեր գործադրել՝ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին վերադարձնելու համար: Հիշեցնենք, որ 2014 թվականին նրանք ապօրինաբար ներխուժել էին Արցախի Շահումյանի շրջան՝ հետախուզական գործողությունների նպատակով: Արցախի դատարանն Ասկերովին դատապարտել է ցմահ, Գուլիեւին՝ 22 տարի ժամկետով ազատազրկման: Հավելենք նաեւ, որ ներկայում Ադրբեջանում Հայաստանի եւ Արցախի մեկական, իսկ Արցախում՝ Ադրբեջանի երեք քաղաքացիներ կան:

Երեւանում ողբերգական դեպք է տեղի ունեցել. Դավիթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում 37-ամյա կնոջ եւ 9-ամյա երեխայի դիեր են հայտնաբերել: Իրավապահները պարզել են, որ Գ. եւ Ա. Հարությունյանները Երեւանից են, մայր ու աղջիկ: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ նրանք երեք օր է՝ որպես անհետ կորած որոնվում էին: Ողբերգության մասին որեւէ մանրամասն առայժմ հայտնի չէ:

Ֆլորիդայի Փարքլենդ քաղաքի դպրոցներից մեկում նախօրեին հրաձգություն է տեղի ունեցել: Իրավապահները հաղորդում են 17 զոհի մասին: Շուրջ 20 վիրավոր կա, նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Դպրոցի աշակերտներից մեկը պատմել է, որ կեսօրից հետո շենքի հրդեհային ահազանգերը միացել են: Շուտով աշակերտները կրակոցների ձայներ են լսել, խուճապ է սկսվել: Հանցագործության մեջ կասկածվողին ձերբակալել են. նա դպրոցի նախկին սան, 19-ամյա Նիկոլաս Քրուզն է: Ըստ տեղեկությունների՝ պատանուն դպրոցից հեռացրել են վարքի հետ կապված խնդիրների պատճառով: Քրուզին կանխամտածված սպանության մեղադրանք է առաջադրվել:

Հարավային Կորեայում այսօր պայքարի մեջ է մտել կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Կատյա Գալստյանը: Նա դահուկավազքի 10 կմ դասական ոճում 30 րոպե 25.1 վայրկյան արդյունքով գրավել է 72-րդ հորիզոնականը: Նշենք, որ սա Կատյա Գալստյանի միակ մրցելույթն էր Փհենչհան-2018-ում: Փետրվարի 13-ին նա պետք է մասնակցեր նաեւ դահուկավազքի սպրինտին, բայց մրցմանը չէր հայտավորվել: Դահուկավազքի սպրինտում 72-րդ տեղն էր զբաղեցրել նաեւ 18-ամյա Միքայել Միքայելյանը՝ լքելով պայքարը: Իսկ փետրվարի 16-ին նա հանդես կգա 15 կմ ազատ ոճում:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը հանդես կգա լեռնադահուկային սպորտում. փետրվարի 18-ին՝ հսկա ոլորավայրէջքում եւ փետրվարի 22-ին՝ հատուկ ոլորավայրէջքում: Կարապետյանի մարզագույքի հարցը, ի դեպ, լուծվել է. նա նոր դահուկներ եւ մարզակոշիկ է ստացել: Հիշեցնենք, որ լեռնադահուկորդը մեր թղթակցին պատմել էր, որ Փհենչհան է մեկնել ընկերոջ հին դահուկներով, որոնք մարզման առաջին իսկ օրը կոտրվել են: Աշոտ Կարապետյանը մտավախություն ուներ, որ նոր դահուկները ժամանակին չի ստանա եւ չի կարողանա մարզվել ու մեկնարկի դուրս գալ:

Դոլարի անկումը շարունակվում է, եվրոն նորից հասել է 600 դրամի սահմանին: Փետրվարի 15-ին դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 600, ռուբլունը՝ 8 դրամ 50 լումա, ֆունտինը՝ 676 դրամ:

Փետրվարի 16-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +1+3, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ