News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահն արտասովոր ոչինչ չի տեսնում Ադրբեջանին 5 մլրդ դոլար արժողությամբ զենքի վաճառքի հարցում: Կոնստանտին Կոսաչեւն այսօր Երեւանում լրագրողներին ասել է, որ պարզապես կնքված պայմանագրով ստանձնած պարտավորություններն են կատարում: Հարցին, թե Մոսկվան վրդովված է Ուկրաինային զենք վաճառելու փաստի առիթով, բայց ինքն է զենք վաճառում իր ռազմավարական գործընկեր Հայաստանի հակառակորդ պետությանը, Կոսաչովը բացատրել է, որ Ուկրաինայի դեպքում խոսքը «թեժ» փուլում գտնվող հակամարտության մասին է, որտեղ զենք է կիրառվում: Ամեն դեպքում, ռուսաստանցի պաշտոնյան չի բացառում, որ 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո Ադրբեջանին սպառազինության մատակարարումները նման ծավալ չեն ունենա:

Մահացել է աշխարհահռչակ ֆիզիկոս, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը: Անգլիացի գիտնականը 76 տարեկան էր: 21 տարեկանում Հոքինգի մոտ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ՝ Լու Գերիգի հիվանդություն են ախտորոշում. բժիշկները վստահ էին, որ 3 տարուց ավելի չի ապրի: Ֆիզիկոսն ամբողջությամբ զրկված էր շարժունակությունից, խոսում էր այտերի մկանների օգնությամբ: Նա սիրում էր ասել. «Որտեղ կա կյանք, կա նաեւ հույս»: Թերեւս, այս համոզմունքն էլ նրան օգնեց հաղթել կանխորոշված վաղաժամ մահվանը:

Սթիվեն Հոքինգը հավատում էր այլմոլորակայինների գոյությանը, ավելին, նրանց մեջ սպառնալիք էր տեսնում Երկրի բնակչության գոյության համար: Նա զբաղվում էր Տիեզերքի նախնական վիճակի խնդրի հետազոտությամբ. Մեծ պայթյունի տեսության համաձայն՝ այն անընդհատ ընդարձակվում է: Գիտնականին համբավ բերեց «Ժամանակի կարճ պատմությունը» աշխատությունը: Հոքինգը երկու անգամ ամուսնացած է եղել, 3 երեխա ունի:

Անգելա Մերկելը չորրորդ անգամ անընդմեջ Գերմանիայի կանցլեր է ընտրվել: Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի թեկնածությանը կողմ է քվեարկել Բունդեսթագի 364 պատգամավոր, դեմ՝ 315-ը: Երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն արդեն հաստատել է նրա նշանակումը: Նշենք, որ Անգելա Մերկելը Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից: Անցյալ տարվա սեպտեմբերին կայացած Բունդեսթագի ընտրություններից հետո շուրջ կես տարի Գերմանիայում քաղաքական ճգնաժամ էր. քրիստոնեա-դեմոկրատներն ու սոցիալ-դեմոկրատները երկար ժամանակ չէին կարողանում կոալիցիա կազմելու հարցում համաձայնության գալ: Ավելի ուշ՝ Սոցիալ-դեմոկրատական միության ղեկավարի փոփոխությունից հետո միայն, այստեղ որոշեցին կոալիցիա կազմել Մերկելի կուսակցության հետ:

Մեծ Բրիտանիան դադարեցնում է Ռուսաստանի հետ երկկողմ շփումները, ինչպես նաեւ չեղարկում Սերգեյ Լավրովին ուղարկված Լոնդոն այցելելու հրավերը: Այս մասին հայտարարել է Թերեզա Մեյը՝ ընդգծելով, որ պատճառը ռուսական գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքն է. Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման համար Լոնդոնը Մոսկվային է մեղադրում:

«Սկրիպալի գործի» պատճառով նաեւ Մեծ Բրիտանիայից 23 ռուսաստանցի դիվանագետ կարտաքսվի: Բացի այդ, Լոնդոնը կուժեղացնի մասնավոր օդանավերի հսկողությունը, կխստացնի մաքսատան ստուգումները, իսկ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներն ու բարձրաստիճան պաշտոնյաները չեն մասնակցի Ռուսաստանում անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:

Մոսկվան խոստացել է առաջիկայում արձագանքել Մեյի հայտարարությանը: Հիշեցնենք, որ նախկին լրտես Սկրիպալը եւ նրա դուստրը թունավորվել են մարտի 4-ին, անգլիական Սոլսբերի քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում: Նրանք ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում են: Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել է Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010-ին ներում ստացել եւ Մեծ Բրիտանիա տեղափոխվել:

Ռուսաստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցների հավաքագրող խմբի 60 անդամ է ձերբակալվել: Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ հավաքագրվածներին պատրաստվում էին ուղարկել Սիրիա եւ Իրաք՝ ռազմական գործողությունների մասնակցելու նպատակով: 17 հասցեներում խուզարկություների ընթացքում նաեւ երեք լաբորատորիա են հայտնաբերել, որտեղ կեղծ փաստաթղթեր են պատրաստվել: Առգրավվել են մեծ թվով կնիքներ, պետական սահմանի հատման դրոշմակնիքներ, օտարերկրյա պետությունների անձնագրեր: Սիրիա եւ Իրաք զինյալների ուղարկելուց բացի՝ խմբի անդամները նաեւ Կենտրոնական Ասիայից Ռուսաստան ժամանած ապօրինի միգրանտների կեցության օրինականացման գործով են զբաղվել:

Կենտրոնական բանկի շենքի մոտ մարտի 10-ին տեղի ունեցած մահացու վրաերթի գործով 26-ամյա տղամարդ է ձերբակալվել: Նա Ժորա Վարդանյանն է, որի փոխարեն իրավապահներին այլ անձ էր ներկայացել՝ 42-ամյա Լեւոն Արեստակեսյանը: Վերջինն ազատ է արձակվել: Հիշեցնենք, որ մարտի 10-ի երեկոյան Ժորա Վարդանյանը Mercedes մակնիշի մեքենայով մահացու վրաերթի էր ենթարկել 75-ամյա Մարիա Գրիգորյանին եւ կնոջն անօգնական թողնելով՝ փախուստի դիմել: 26-ամյա երիտասարդը «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին է: Մեքենան, որում նաեւ Ժորա Վարդանյանի անվամբ հաշվառված «Մակարով» տեսակի ատրճանակ է հայտնաբերվել, գրանցված է հոր ընկերության հաշվեկշռում:

Ռուս գեղանկարիչ Միխայիլ Վրուբելի «Դեւը եւ հրեշտակը Թամարայի հոգու հետ» հանրահայտ նկարը վերադարձավ Հայաստան: Այն 23 տարի առաջ՝ 1995 թվականին գողացել էին Երեւանի Ռուսական արվեստի թանգարանից: Նկարի հայտնաբերման եւ Հայաստանին վերադարձնելու մասին Մոսկվայում հայտարարել էին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները: Ռուսական արվեստի թանգարանում այս առիթով «Գողացած Վրուբելի վերադարձը» խորագրով ցուցահանդես է բացվել: Ի դեպ՝ նկարչի հայտնի ստեղծագործության վերադարձը նշանավորվելու է մշակութային եւս մեկ իրադարձությամբ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջիկայում կներկայացվեն հատվածներ Ռուբինշտեյնի հանրահայտ «Դեւը» օպերայից: Նշենք նաեւ, որ նկարը վերականգնած Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի մասնագետ Իննա Սոլովովային մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պարգեւատրել է նախարարության Ոսկե մեդալով:

Մարտի 14-ին դոլարի անկումը շարունակվել է, իսկ եվրոն սկսել է արժեւորվել: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 594, ռուբլունը՝ 8 դրամ 44 լումա, ֆունտինը՝ 670 դրամ:

Մարտի 15-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես ժամանակ առ ժամանակ տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ