News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ապրիլի 9-ից Հայաստանն ամբողջությամբ անցավ կառավարման խորհրդարանական համակարգի, եւ սահմանված կարգի համաձայն՝ կառավարության նիստն այսօր անցկացվել է փակ դռների հետեւում: Նախկինում լրագրողները հատուկ սրահից մոնիթորների օգնությամբ հետեւում էին նիստին, իսկ դրանից հետո կառավարության անդամներին հարցեր ուղղելու հնարավորություն ունենում, հարկ եղած դեպքում՝ նաեւ նիստում քննարկված հարցերի մասին: Հիմա կառավարությունն ինքն է որոշում, թե որ գերատեսչության ղեկավարը պետք է նիստից հետո հանդիպի լրագրողներին: Օրինագծի քննարկման ժամանակ հեղինակները վստահեցնում էին, որ դա չի խոչընդոտի լրագրողների աշխատանքին, փոխարենը կառավարության նիստերում քննարկումներն ավելի առարկայական ու արդյունավետ կդառնան: Այսօր Սուրեն Կարայանը վստահեցրել է, որ կառավարությունը միշտ էլ բաց ու թափանցիկ է աշխատել, այսուհետ էլ նույնն է լինելու: Արդարադատության նախարարի պաշտոնակատարը նույնպես գոհ է նոր կարգից:

Դավիթ Հարությունյանին հարցրել են նաեւ Freedom House-ի հրապարակած զեկույցի մասին, որում իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմով երկիր է կոչել: Դրանում նշվում է նաեւ, որ Հայաստանի կառավարությունը չի ցանկանում արմատախիլ անել կոռուպցիան եւ չարաշահումները: Հարությունյանին դուր չի եկել, որ զեկույցում պիտակավորել են քաղաքական գործիչների:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուին: Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարեց, որ քննարկվել է միայն Սերժ Սարգսյանի անունը: Դավիթ Հարությունյանն այսօր հակառակն է պնդել. վարչապետի թեկնածուներ ՀՀԿ-ում կան, պարզապես հաշվի առնելով առկա մարտահրավերները՝ ընտրել են Սերժ Սարգսյանին: Սակայն Հարությունյանը հստակ չի պատասխանել, թե, ամեն դեպքում, քանի թեկնածու են ունեցել եւ ովքեր են նրանք եղել:

Բեռնատարների վարորդներն այսօր բողոքի ակցիայի էին անում. նրանք տեւական ժամանակ փակել էին Երեւան-Գյումրի մայրուղու Ուջանի հատվածը՝ բողոքելով մեքենաները սահմանվածից ավելի բեռնելու համար կիրառվող խոշոր տուգանքների դեմ:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ չեն բացելու մայրուղին, մինչեւ կառավարությունից որեւէ ներկայացուցիչ չհանդիպի իրենց հետ: Ի վերջո, Ուջան է մեկնել տրանսպորտի փոխնախարարի պաշտոնակատարը: Նա խոստացել է, որ կառավարությունն առայժմ տուգանք չի գանձվի, մինչեւ խնդիրը պարզաբանվի եւ լուծում ստանա: Վարորդները, ի վերջո, բացել են ճանապարհը, սակայն նշել, որ եթե խնդիրը չլուծվի, նորից են ակցիա անցկացնելու, այս անգամ՝ Բաղրամյան 26-ի դիմաց:

Երեւանում նույնպես այսօր ակցիա էր, այս դեպքում՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Ցուցարարները վրան են խփել Մաշտոցի պողոտայում՝ Ֆրանսիական հրապարակի մոտ եւ հայտարարել, որ նստացույց են անելու: Կարճ ժամանակ անց ոստիկանները նրանց հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից, բայց ավելի քան կես ժամ Մաշտոցի պողոտան փակ է եղել: Ցուցարարներին ոստիկանության մեքենայով հեռացրել են ակցիայի վայրից, սակայն, ոստիկանության հայտարարության համաձայն, նրանց բերման չեն ենթարկել:

Միաժամանակ, այսօր Ազատության հրապարակում վաղը երեկոյան նախատեսված հանրահավաքի իրազեկման ավտոերթ է կազմակերպվել: Նրանք որոշել են ընդառաջ գնալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլարշավի անդամներին:

Ադրբեջանի իշխող կուսակցությունը հայտարարել է նախագահական ընտրություններում Իլհամ Ալիեւի հաղթանակի մասին՝ չսպասելով քվեարկության պաշտոնական արդյունքներին: Արդյունքում, Ալիեւը երկրի ղեկավարի պաշտոնում կմնա եւս 7 տարի: Իսկ ԿԸՀ-ի տվյալներով՝ Ալիեւի օգտին քվեարկել է ընտրողների 86 տոկոսը: Ընդդիմությունը, սակայն, չի ճանաչում ընտրությունների արդյունքները: Պնդում են, որ քվեարկությունն անցկացվել է խախտումներով, արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը եւ լեգիտիմ չեն:

Ընտրախախտումների մասին հայտարարել են նաեւ միջազգային դիտորդական կազմակերպությունները: Միաժամանակ, ԵԱՀԿ-ի ասուլիսի ժամանակ սկանդալ է առաջացել. իշխանամետ լրագրողներն ու կառավարության ներկայացուցիչները սկսել են բղավել եւ խանգարել խախտումների մասին խոսող դիտորդներին: Արդյունքում ասուլիսն ընդհատվել է, իսկ ԵԱՀԿ առաքելության անդամները լքել են դահլիճը:

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը փորձում են հարաբերությունները պարզել, բայց այլ երկրի տարածքում: Վաշինգտոնն ու Մոսկվան միմյանց սպառնում են հրթիռակոծությամբ:  Նախ Մոսկվան հայտարարեց, որ կխոցի Սիրիայի վրա արձակված ցանկացած հրթիռ, ինչին հետեւեց Վաշինգտոնի պատասխան սպառնալիքը. նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում գրեց. «Ռուսաստան, պատրաստվի՛ր. նրանք սլանում են»:

Նշենք, որ Սիրիայի հարցով հերթական իրարանցումը սկսվեց հրապարակումներից, թե սիրիական կառավարական զորքերը Դումայում քիմիական զենք են կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ, ինչից հետո էլ ԱՄՆ-ն Սիրիայի հրթիռակոծության պատրաստակամություն հայտնեց: Սպիտակ տան աշխատակազմից նշել են, որ առայժմ Թրամփն այդ հարցով վերջնական որոշում չի կայացրել: Չնայած Դամասկոսին ուղղված մեղադրանքներին՝ Սիրիային հարվածելու հարցում որոշում չունեն նաեւ եվրոպական երկրները: Մասնավորապես, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան հայտարարել են, որ նման որոշում կկայացնեն քիմիական զենքի կիրառման մասին ծանրակշիռ ապացույցների առկայության դեպքում միայն:

Հայ ծանրորդները 2020 թվականի Օլիմպիադայի համար միայն 2 ուղեգրի հնարավորություն կունենան: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն՝ 2008-2020 թվականներին բազմաթիվ դոփինգային խախտումներ ունեցած հինգ երկրների 2020 թվականի Օլիմպիական խաղերում կտրվի երկուական ուղեգիր նվաճելու հնարավորություն: Հայաստանից բացի՝ օլիմպիադային 2-ական ծանրորդ կուղարկեն նաեւ Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանն ու Բելառուսը: Իսկ եթե մինչեւ 2020 թվականի ապրիլ հակադոփինգային կանոնադրության նոր խախտումներ լինեն, այս երկրներն ընդհանրապես կզրկվեն օլիմպիական ուղեգրերից:

Ապրիլի 12-ին դոլարի արժեւորմանը միացել է նաեւ ռուբլին, իսկ եվրոն էժանացել է: Դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 596, ռուբլունը՝ 7 դրամ 81 լումա, ֆունտինը՝ 685 դրամ:

Ապրիլի 13-14-ին հանրապետությունում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 14-15-ին 6-7 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը հնարավոր են կարճատեւ տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ