Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի սրումը քաղաքական ենթատեքստ ունի: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՇՊՀ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելքիս Ցոլակյանը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Շիրակի պետական համալսարանի շուրջ ծավալվող իրադարձությունները, արհեստականորեն թեժանում են:
Ինչպես եւ խոստացել էի՝ որպես ՇՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահ, ծանոթանալով համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հանդես եմ եկել հայտարարությամբ, որով միջնորդել եմ ռեկտորին զբաղեցրած պաշտոնից հեռացնելու հարցը քննարկելու համար՝ սեղմ ժամկետում ՇՊՀ-ի կառավարման խորհրդի արտահերթ նիստ հրավիրել, իսկ շահագրգիռ կողմերին առաջարկել եմ խորհրդի քարտուղարություն ներկայացնել հիմնավորված առաջարկություններ:
Ուզում եմ տեղեկացնել, որ մինչ այս պահը ոչ մի կողմից չենք ստացել որեւէ առաջարկ: Այս լռությունը, թերեւս, փաստում է, որ համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի սրումը քաղաքական ենթատեքստ ունի, որը, բնականաբար, կապված է սույն թվականի մայիսի 1-ին իմ արտահայտած դիրքորոշման հետ:
Բացի այդ, քաղաքական խաժամուժին սպասարկող ողջ լրատվավերլուծական դաշտը առանց խնդրի իսկությունը ճշտելու, շրջանցելով իմ հայտարարությունը՝ լծվել է իմ անունը սեւացնելու գործին: Մեկ բան ակնհայտ է՝ չարախոսելով եւ պատվեր կատարելով քաղաքական դիվիդենտներ քաղելու փորձերը պատիվ չեն բերել եւ ոչ մեկին:
Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ վերստին նշել, որ անկախ նրանից, թե ինչ հանգուցալուծում կստանա ՇՊՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, թե ովքեր են կանգնած իմ անունը արհեստականորեն այս իրավիճակի հետ կապելու եւ ինձ սեւացնելու ակունքներում՝ իմ դիրքորոշումը հստակ է, այն ուղղված է եղել հանրապետությունում լարված իրավիճակը թոթափելուն, որի համար չեմ զղջում:
Ես իմ խղճի առջեւ ազնիվ եմ, ինչը գոնե ինձ ճանաչողները լավ գիտեն:
Խոհեմություն եմ մաղթում բոլորին»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ելք» խմբակցության անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կամայականությունների հարցը կարող էր միայն համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելքիս Ցոլակյանը լուծել։ «Ֆելիքս Ցոլակյանը կարծում էր, որ Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկելով այդ ամենը կմոռացվի։ Ո՛չ, ես ասում եմ՝ գրոշ չարժի ձեր կողմը»,–նշել էր նա:
Նշենք, որ արդեն քանի օր է Շիրակի պետական համալսարանում ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է տեղի ունենում, որին մասնակցել են նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, բուհի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը եւ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:




























