News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հրաժարական է ներկայացրել: ՀՀԿ-ական Մարգարյանը Երեւանի ավագանու կողմից քաղաքապետ էր ընտրվել 2017 թվականին: 40-ամյա քաղաքապետը Երեւանը, ընդհանուր առմամբ, ղեկավարեց 7 տարի: Այդ ամբողջ ընթացքում նա մշտապես հասարակության դժգոհության թիրախում էր, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեւավորումից հետո քաղաքացիները նոր թափով սկսեցին պահանջել նրա հրաժարականը:

Ի դեպ՝ այսօր Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքապետարանի աշխատակազմի հետ ու տեղեկացրել իր հրաժարականի մասին, իսկ հետո Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության նիստ է հրավիրել եւ գործընկերներին շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Երեւանի նոր քաղաքապետին ավագանին կընտրի մեկամսյա ժամկետում: Թեկնածու կարող են առաջադրել ավագանու բոլոր խմբակցությունները:

Նիկոլ Փաշինյանի որդին այսօր մեկնեց ծառայության: Աշոտ Փաշինյանը, սեփական դիմումի համաձայն, ծառայելու է Արցախի զորամասերից մեկում: Լրագրողների հետ զրույցում նա հորդորեց չզարմանալ իր որոշման համար:

Կենտրոնական հավաքակայանում լրագրողների ամբողջ ուշադրությունը կարելի է ասել կենտրոնացած էր վարչապետի որդու ուղղությամբ. պաշտպանության նախարարին սա հունից հանեց: Դավիթ Տոնոյանն ասաց՝ առաջիկա օրերին իր որդին էլ է ծառայության մեկնելու, բայց, զգուշացրեց, լրագրողներն այդ մասին չեն իմանա. նա ծառայության կմեկնի առանց եռուզեռի, ինքն այդպիսի ուշադրություն թույլ չի տա: Դիտարկմանը, թե միշտ չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ են ծառայության մեկնում, նախարարն արձագանքեց:

Ավելի ուշ Կենտրոնական հավաքակայան այցելեց նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նա պաշտպանության նախարարի հետ շրջեց հավաքակայանում, ճաշեց որդու եւ մյուս նորակոչիկների հետ: Լրագրողների հետ զրույցում էլ վարչապետը վստահեցրեց, որ ի պաշտոնե պարզապես իրավունք չունի ավելի ուշադիր լինելու իր որդու նկատմամբ: Անդրադառնալով բանակում ծառայող իրենց որդիներին ոչինչ չուղարկելու մասին ծնողներին ուղղված իր կոչին՝ Փաշինյանը նշեց, որ շատերն այն ճիշտ չեն հասկացել:

Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին նաեւ Ալեքսանդր Սարգսյանի գործից: Փաշինյանն ասաց՝ քաղաքացուց նամակ էր ստացել, որն էլ համապատասխան ընթացք է ստացել եւ Սարգսյանը բերման է ենթարկվել: Վարչապետն ընդգծեց, որ ինքն Ազգային անվտանգության ծառայության առաջ խնդիր է դրել՝ պետք է լինի օրինականություն, չի ասել՝ գնացեք խոշոր բացահայտում արեք: Վերջում արդեն Փաշինյանը հետեւեց վիճակահանության ընթացքին, զրուցեց որդու հետ եւ հեռացավ զինվորական հավաքակայանից:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հուլիսի 11-ին Բրյուսելում կհանդիպեն: ՀՀ ԱԳՆ-ն այս մասին տեղեկացրել է Twitter-ի իր պաշտոնական էջում: Պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի նշանակումից հետո սա նրա առաջին հանդիպում է Էլմար Մամեդյարովի հետ: Հուլիսի 11-13-ը Բրյուսելում կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Փաշինյանը նաեւ վարչապետ ընտրվելուց հետո առաջին անգամ կհանդիպի Եվրամիության ղեկավարության հետ:

Երեւանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այս տարի այն հոբելյանական է՝ անցկացվում է 15-րդ անգամ: Ի դեպ՝ փառատոնի բացման օրն այս տարի համընկավ Վարդավառի տոնի հետ: Հայաստան ժամանած աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արոնոֆսկուն Վարդավառը, կարծես, տպավորել է. ռեժիսորը որոշել էր «ջրոցի» խաղալ ե՛ւ լրագրողների, ե՛ւ փառատոնի բացմանը ներկաների հետ:

Արոնոֆսկին այս տարի «Ոսկե ծիրանի» հատուկ հյուրն է. փառատոնի ընթացքում նաեւ կցուցադրվեն նրա ֆիլմերից մի քանիսը: Նախորդ տարիներին հատուկ հյուրերի ցանկում հասցրել են լինել Օռնելա Մուտին, Կլաուդիա Կարդինալեն եւ Ֆաննի Արդանը: Իսկ 15-րդ կինոփառատոնին ներկա կլինեն նաեւ հայտնի այլ ռեժիսորներ՝ իտալացի Ջանֆրակո Ռոզին, ամերիկացի Շոն Բեյքերը, ավստրիացի Ուլրիխ Զայդլը:

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդար վետերանները Հայաստանում են: Երեկ Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում նրանք հանդիպում անցկացրեցին Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի խորհրդանշական հավաքականների կազմում: Լեգենդների մասնակցությամբ խաղն ավարտվեց Լատինական Ամերիկայի հավաքականի հաղթանակով՝ 5:2 հաշվով: Եվրոպայի հավաքականից, որի դարպասապահը, ի դեպ, Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին էր, գոլի հեղինակ դարձան Լուիշ Ֆիգուն եւ Յուրի Ջորկաեֆը: Իսկ Լատինական Ամերիկայի հավաքականից «եվրոպացիների» դարպասը գրավեցին Գաբրիել Բատիստուտան, Խավիեր Սավիոլան, Բեբետոն, դուբլի հեղինակ էլ դարձավ Դուեյն Դե Ռոսարիոն: Նշենք, որ հանդիպման երկրորդ խաղակեսին տրիբունայից հետեւում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը խաղից հետո հանդերձարանում զրուցել է լեգենդար ֆուտբոլիստների հետ:

Ճապոնիայում հորդառատ անձրեւների եւ դրանց արդյունքում առաջացած սողանքների հետեւանքով զոհերի թիվը շարունակում է ավելանալ. վերջին տվյալներով՝ 120 մարդ է զոհվել: Մի քանի տասնյակ մարդ անհետ կորած է համարվում: Բնական աղետի հետեւանքով տուժածներին փրկելու եւ օգնություն ցուցաբերելու գործողություններին շտապօգնության եւ իրավապահ մարմինների ավելի քան 48 հազար աշխատակից է մասնակցում: Հուլիսի 5-ից տեղացող տեղատարափ անձրեւների հետեւանքով հարյուրավոր տներ են վնասվել, հազարավոր մարդիկ լքել են իրենց բնակավայրերը: Ճապոնական մի շարք պրեֆեկտուրաներում 400 միլիմետրից մինչեւ 1 մետր տեղումներ են գրանցվել, ինչը 2-3 անգամ գերազանցում է միջին ամսական ցուցանիշը:

Հուլիսի 9-ին դոլարը փոքր-ինչ էժանացել է, եվրոն՝ թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 568, ռուբլունը՝ 7 դրամ 69 լումա, ֆունտինը՝ 643 դրամ:

Հուլիսի 10-12-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կբարձրանա: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը՝ 7: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն լինի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +22+24, ցերեկը՝ +36+38 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ