News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայ-ադրբեջանական սահմանը հատած Կարեն Ղազարյանը որեւէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ: Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու ոստիկանությունն այս մասին հայտարարել են՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, որ «հայ հետախույզ» է գերեվարվել:

Նշենք, որ ադրբեջանական տարածքում հայտնված 38-ամյա Կարեն Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է: Նա առողջական խնդիրներ ունի, 2013 թվականից բուժում է ստանում: Ծնողները պատմել են, որ կեսգիշերն անց նկատել են, որ գնացել է ջուր խմելու, իսկ հետո չեն նկատել, թե ինչպես է դուրս եկել տանից: Բերդավանի համայնքապետն էլ պատմել է, որ այդ օրը գյուղում էլեկտրականություն չի եղել, եւ Կարենը, հավանաբար, մթության մեջ մոլորվել ու հայտնվել է ադրբեջանական տարածքում: Պաշտպանության եւ ԱԳ նախարարություններն արդեն կապի մեջ են ԿԽՄԿ-ի հետ՝ Հայաստանի քաղաքացու վերադարձը կազմակերպելու համար: Սակայն որեւէ առաջընթաց առայժմ չկա:

Երեւանի ավագանին այսօր չկարողացավ քաղաքապետ ընտրել: Հանրապետական ու «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ թեկնածու չեն առաջադրելու: Նրանք նաեւ արտահերթ նիստին չէին ներկայացել:

Նիստերի դահլիճ եկել էին միայն «Երկիր ծիրանի» խմբակցության 3 անդամներն ու նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը: 30 րոպե ընդմիջումը նույնպես քաղաքապետի միակ թեկնածու Զարուհի Փոստանջյանին չօգնեց. քվորում չեղավ: Նիստի տապալումից հետո լրագրողների հետ զրույցում Փոստանջյանն ասաց, որ իրենք նույնպես ավագանու արտահերթ ընտրությունների կողմնակից են: Սակայն դրա համար, ըստ նրա, ընտրական համակարգում փոփոխություններ են պետք: 

Նշենք, որ մինչ քաղաքապետարանում «Երկիր Ծիրանին» սպասում էր քվորումի, շենքի բակում հավաքվել էին Զարուհի Փոստանջյանի կողմնակիցները: Նրանք ավագանու անդամներից պահանջում էին գնալ նիստի եւ քվեարկել Փոստանջյանի օգտին: Հիմա արդեն կառավարությունը 14-օրյա ժամկետում պետք է կրճատի Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետն ու արտահերթ ընտրություններ կշանակի: Այն կանցկացվի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Նա քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2011 թվականից:

Նիկոլ Փաշինյանը կիրակի ֆեյսբուքյան ուղիղ եթերում նորից պատասխանել է քաղաքացիների հարցերին: Դրանք տարաբնույթ էին. Ամուլսարի հանքի շահագործում, կոռուպցիայի դեմ պայքար, տրանսպորտի, ջրի եւ աղբահանության խնդիրներ եւ այլն: Հարցերից մեկն էլ վերաբերել է սահմանային իրավիճակին: Վարչապետը խոստովանել է, որ որոշակի լարվածություն կա, եւ պետք է պատրաստ լինենք հակահարված տալ:

Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված Ռոբերտ Աբաջյանի ծնողներին. սոցցանցերում տեղեկություններ կան, որ հերոսի ընտանիքը հեռացել է երկրից՝ արտագնա աշխատանքի: Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Աբաջյանները վաղուց արտերկրում են բնակվում, նաեւ տեղեկացրել, որ վերջերս կառավարական առանձնատանն ընդունել է Ռոբերտի հորը:

Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու եւ Գարեգին 2-րդի շուրջ ստեղծված իրավիճակին՝ վարչապետը վստահեցրել է. եթե բողոքի գործողություններում մարդիկ գծեր են անցել, դա պետք է հստակ արձագանք ստանա: Նիկոլ Փաշինյանին դուր չի եկել նաեւ ի պաշտպանություն կաթողիկոսի հանդես եկող հոգեւորականների պահվածքը:

Արդարադատության նախարարության ՊՈԱԿ-ներից մեկի շենքում փլուզման հետեւանքով աշխատակիցներից մեկը զոհվել է: Փլուզվել է Արշակունյաց փողոցում գտնվող «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքի ճակատային հատվածի քիվը: Պատահարի զոհը ՊՈԱԿ-ի Հրդեհատեխնիկական եւ էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Արայիկ Կարապետյանն է, եւս երկու մարդ վիրավորվել է: Տուժածները հոսպիտալացվել են: Նրանցից մեկի վիճակը ծանր է. նա գանգուղեղային վնասվածք է ստացել: Վիրավորը վերակենդանացման բաժանմունքում է, կարողանում է ինքնուրույն շնչել:

Ավարտվեց ֆուտբոլի եւս մեկ աշխարհի առաջնություն: Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում անցկացված Ֆրանսիա-Խորվաթիա եզրափակիչ խաղում 4:2 արդյունք գրանցվեց՝ հօգուտ ֆրանսիացիների: 6 գոլ, 11 մետրանոց, դարպասապահների կոպիտ սխալներ: Ֆուտբոլասերներն ավելի անզիջում պայքար եւ ինտրիգ էին կանխատեսում. այս առումով նրանց սպասումները չարդարացան: Ամեն դեպքում, 20 տարի անց Ֆրանսիայի ազգային հավաքականը դարձյալ նվաճեց աշխարհի գավաթը, այս անգամ՝ Դիդյե Դեշամի գլխավորությամբ: Չնայած եզրափակիչում Խորվաթիայի հավաքականի պարտությանը՝ Լուկա Մոդրիչն արժանացավ առաջնության լավագույն խաղացողի մրցանակին, իսկ լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը ստացավ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որն ընդամենը 19 տարեկան է:

Հուլիսի 16-ին դոլարն արժեզրկվել է, եվրոն՝ շուրջ 3 դրամով թանկացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 562, ռուբլունը՝ 7 դրամ 73 լումա, ֆունտինը՝ 637 դրամ:

Հուլիսի 17-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով կնվազի, 18-20-ը՝ 6-8 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես գիշերը եւ կեսօրից հետո տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ