News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը գիշերը տանից դուրս է եկել եւ մոլորվելով՝ հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերդավանի համայնաքապետ Սմբատ Մուղդուսյանը` պատմելով դեպքի մանրամասները:

«Գիշերը Կարենը տանն է եղել, ծնողների պատմելով՝ 2:30-ին տան երկրորդ հարկից իջել է ջուր խմելու, իրենց թվացել է՝ նորից գնացել է քնելու: Բայց հնարավոր է, որ հենց այդ ժամանակ տանից դուրս է եկել, այդ ժամանակ էլ գյուղում լույս չկար, քամոտ եղանակ էր, մոլորվել եւ հայտնվել է ադրբեջանական տարածքում»,- ասաց գյուղապետը` նշելով, որ Կարենենց տունը գյուղի ծայրում է գտնվում, ամենավերջին տունն է եւ մոտ է սահմանին:

Գյուղապետը պնդում է, որ ադրբեջանական մամուլում տարածված լուսանկարում Կարենն է, սակայն հագուստն ու գլխարկը հաստատ նրանը չեն: Գյուղապետն ասաց՝ Կարեն Ղազարյանը 2013 թվականից հաշվառված է բուժհաստատությունում եւ բուժումներ է ստանում:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական մամուլը պատահաբար սահմանը հատած հայկական գյուղերի բնակիչներին որպես «դիվերսանտ» է ներկայացնում:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ադրբեջանական մամուլի գրառումներին՝ նշել էր, որ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում եւ երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում: Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների պատանդների եւ անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ Երեւանյան գրասենյակ՝ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ գրել է, որ  ադրբեջանական մամուլի տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:

Նշենք, որ ադրբեջանական մամուլը գրել է, որ Կարեն Ղազարյանը որպես «հետախույզ» է հայտնվել Ադրբեջանի տարածքում:

Տպել
Ամենաշատ